Ավելի քան մեկ տարի առաջ գալով իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ խոստումների, խոստացավ նաև Ամուլսարի շահագործման հարցով նոր փորձաքննության անցկացում՝ պնդելով՝ «մեզ պետք է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն»: «Եթե պարզվի, որ անվտանգ է Սևանի համար, Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար, մենք, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, թույլ կտանք, որ շահագործվի հանքը: Եթե տեսնենք, որ Սևանի կամ ջրահավաք ավազանի համար վտանգ կա, այլ ճանապարհով կգնանք»,- ասել էր Փաշինյանը դեռ նախորդ տարվա սեպտեմբերին:

Փորձաքննությունն անցկացվեց: Առաջին հայացքից, իհարկե, տարօրինակ էր, թե ինչ չափորոշիչներ հաշվի առնելով լիբանանյան Էլարդ ընկերությանը վստահվեց Ամուլսարի հարցով փորձաքննության անցկացումը, առավել ևս, որ ընկերությունն առանձնապես աչքի չի ընկնում հանքարդյունաբերության ոլորտում իրականացրած ուսումնասիրություններով: Իհարկե, մամուլում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ հիշյալ կազմակերպությունն առնչություն ունի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավարի հոր հետ, ճիշտ լինելու դեպքում, ինչ-որ հարցերի պատասխաններ, այնուամենայնիվ, կտա: Մյուս կողմից, Էլարդի եզրակացությունը հեռու էր համալիր բնապահպանական փորձաքննություն լինելուց: Արդյունքում, անաչառ քննություն խոստանալուց մոտ մեկ տարի անց իշխանությունները ժողովրդին են ներկայացնում առանձնապես վստահություն չներկայացնող մի եզրակացություն, որի հիման վրա թույլատրվելու է հանքի շահագործումը: Նման սցենարը սպասելի՞ էր՝ կարծում եմ, այո:

Նիկոլ Փաշինյանի հաշվարկները շատ պարզ էին. խաղալ ժողովրդի էմոցիաների վրա, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում վերջնականապես ամրապնդել սեփական իշխանությունը, հետո անդրադառնալ ներդրողների խնդրին: Բնականաբար, Լիդիանի ներդրումներից հրաժարվել Փաշինյանը չէր պատրաստվում, այլապես փորձաքննությունը կվստահեր իսկապես պրոֆեսիոնալ և անկողմնակալ կազմակերպության: Փաշինյանի հույսը մեկն էր՝ ժողովրդի կարճ հիշողությունը: Այնինչ ջերմուկցիների սկսած պայքարը ցույց է տալիս, որ ժողովրդի վարչապետն իր հաշվարկներում պարզապես սխալվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել