Ինչքան մարդ կա այս կյանքում, որ կարոտն է խեղդում ու քանի հազար սրտեր այդ ցավով միշտ տառապում, տխրում ու տանջվում, հեռավորության պատճառով տեսնել չեն կարողանում ու մտքերով միշտ ձգտում են դեպի այդ բաղձալի պահը, դեպի այն անհասը, որ կարոտելով երազանք են դարձրել, դարձրել են նպատակ, որին հասնելու համար, իհարկե, պատրաստ են խոչընդոտների միջով անցնել, պատրաստ են զոհողությունների գնալ, բայց հանգամանքներ կան, որ ստիպում են կյանքին իրական աչքերով նայել: Հանգամանքներ, որոնք, ծնկի բերելով մարդուն, հետո էլ ավելի են ուժեղացնում և օգնում, ինչ-որ տեղ նաև ստիպում համբերել, սպասել, դիմանալ: Օգնել դիմանալ կարոտին կարող է անել այն գիտակցումը, որ սիրում են քեզ ու տենչում են ձայնիդ գոնե մի նոտան լսել:
Կարոտ… Դու արգելված ես: Չգիտեմ ինչու: Բայց դու չպետք է լինեիր, բայց կաս…. Կարոտ… Քեզ թաքցնում եմ ամենուր: Թաքցնում եմ իմ խոսքերում, իմ ժպիտի տակ, իմ երջանիկ հայացքում: Միայն գիշերային արցունքներս ու մտքերս գիտեն քո գոյության մասին:
Ի՞նչ է կարոտը, որ կարող է մարդուն այսքան թուլացնել, այսքան թախիծ պատճառել: Երևի կարոտը կորցրածը ետ բերելու անիրականանալի ցանկությունն է: Ցանկություն, որ ինքդ էլ գիտես` երբեք չի կատարվելու: Կարոտի բունն էլ երևի սիրտն է: Բայց որքա՞ն է սիրտը խանգարում մարդուն ապրել...
Կարոտելու համար ժամանակ է պետք, կարոտ զգալու համար զգացմունքներ են պետք, կարոտելու համար համբերություն է պետք, կարոտելու համար մարդ ա պետք լինել, մարդ... Հասկանու՞մ ես… Կարոտելու համար սեր է պետք ու անգամ ատելություն...որովհետև սիրես, թե ատես, մեկ է, կարոտում ես:
Նյութի աղբյուր՝ http://www.narblog.ru/2013/06/blog-post_28.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել