Այսօր Ջերմուկում էի։ Ջերմուկում այսօր հանրահավաք էր Ամուլսարում հանքարդյունաբերություն իրականացնելու գաղափարի դեմ։

Ամուլսարի խնդրի վերաբերյալ երբևէ հրապարակավ կարծիք չեմ հայտնել և հիմա էլ չեմ հայտնի։ Որպես մանկությանս ամառները Ջերմուկում տատիկ-պապակիս մոտ անցկացրած՝ Ջերմուկի մոտակայքում հանք բացելու գաղափարին վերաբերմունքս իհարկե հիացական լինել չի կարող։ Բայց ինչպես վերևում նշեցի՝ նախորդող շրջանում լռությունս, ինչպես նաև բնապահպանական ակտիվիզմի առանձնապես ջատագով չլինելս ինձ հիմա էթիկապես թույլ չեն տալիս «վերածվելու» Ամուլսարի երդվյալ պաշտպանի։

Այցիս ու ուշադրությանս պատճառն այլ է։ Մտավախություն ունեմ, որ Ամուլսարը պաշտպանող և նրանց սատարող ջերմուկցիների դեմ, հնարավոր է, ուժ կամ իրավական ռեպրեսիա կիրառվի։ Վերջին օրերի ընթացքը ցավոք այդպիսի մտավախության հիմքեր է ստեղծում։

Եվ եթե իրադարձությունները զարգանան այդ խիստ անցանկալի սցենարով, ես իմ ողջ ներուժով (մասնագիտական և ոչ միայն) ջերմուկցիների կողքին եմ լինելու։

Այո՛, խոստովանում եմ, որ այս վճռականությունս նաև պայմանավորված է իմ ջերմուկյան արմատներով։ Այո՛, դրանք ինձ պարտավորեցնում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել