Մինասյան Միքայելի վերջին գրառմանն ի պատասխան ընկերներիս մոտ հաճախ կրկնվող մի տարակուսանք նկատեցի: Շատերը, բավականին իրավացիորեն, պնդում են, որ հեղափոխությունը ոչ թե հասունացել էր, այլ հասունացՎել: Նույն միտքը ես արտահայտել էի Ադեկվադ Դիսկուրսի շրջանակներում մի քանի շաբաթ առաջ: Այո´, ընկերներս իրավացի են, հասունացվել էր, սակայն ճիշտ է նաև Մինասյանը... միանշանակ հասունացԵլ էր ու է:

Նիկոլի նման քաղաքական բառիգները քսան տարի շարունակ անընդհատ ու հետևողականորեն հասունացնում էին դժգոհություն: Ստի ու կեղծիքի վարպետները մարդկանց համոզում էին, որ իրենցից ինչոր բան են թալանում, որ իրենք լավն են ու աշխատասեր, իսկ իշխանավորները` վատը, ծույլ ու ապիկար: Այս վիրուսը տարածվեց այնքան, որ Հայաստանում այլևս գրեթե անհնար էր բարեփոխում իրականացնել: Պետություն կառավարելը անհնար էր դառնում: Վերջի պահին էլ, Հայաստանում գործող գործակալների հետ հանցավոր համաձայնության գալով, այդ բառիգները տապալեցին պետությունը:

Սակայն այս ամենը հնարավոր դարձավ անել, քանի որ իսկզբանե կային ռազմավարական նախադրյալներ: Դրանցից մի քանիսի մասին ես արդեն հասցրել եմ խոսել Ադեկվադ Գաղափարների շրջանակներում՝ օտարածին ու ապազգային սահմանադրության, անարդյունավետ տնտեսական մոդելի և այլ թեմաների շուրջ: Հուսով եմ ևս մի քանի առիթ կլինի մշակույթի, կրթության և այլ հարցերի շուրջ խոսելու համար: Ռազմավարական առումով, Նիկոլն ու իր նման բառիգները չէին պատճառը, որ ծնելիությունը կտրուկ նվազում էր տասնամյակներ շարունակ: Նիկոլը չի ստեղծել Հոլիվուդը ու ֆեյսբուքը: Նիկոլը չի մեր հասարակություն ներմուծել որկրամոլությունը, կռապաշտությունն ու նույնիսկ հպարտությունը, նա անշուշտ այդ ամենից օգտվել է, բայց ներմուծողը նա չէ:

Հեղափոխություն պետք է լիներ, ես հույս ունեի, որ այն տեղի կունենա համակարգի ներսից և, ինչ մեղքս թաքցնեմ, հետևողականորեն աշխատել եմ էդ ուղղությամբ: Ոմանք կարծում էին, որ դրսից պիտի լինի ու ցավոք սրտի ինձանից ավելի արդյունավետ էին: Սակայն կարծում եմ չկա սթափ մտածող մեկը, ով կարա ժխտի հեղափոխության անհրաժեշտությունը: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ամեն հնարավորը արել են, որ էս պետությունը իր եղած չեղածը օպտիմալ շահագործի, բայց էս եղած չեղածը մեզ հերիք չի, էս եղած չեղածով մենք դանդաղ կմահանանք, Նիկոլը ընդամենը արագացրել է պրոցեսը: Բոլորիդ խնդրում եմ հիշել, որ մեր ծնելիությունը Բելգիայից ցածր է... «այլասերված» Բելգիայից!!

Ընդ որում, էն փաստին, որ Նիկոլն իր գործը անելիս բազմաթիվ մարդկանց վրա հարձակումներ է արտոնել, պետք է մոտենալ քրիստոնեական հեզությամբ, ի վերջո՝ «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»:

Միայն թե չեմ կիսում Մինասյանի մելամաղձոտ ափսոսանքն առ հասունացող հիասթափություն և իր բացասական գնահատականը վրեժխնդրության գաղափարին: Հիասթափությունը դա կյանքից դաս ստանալու ձև ա, ուժեղը դասը քաղում ու աճում է, իսկ թույլը` կոտրվում: Հայաստանում նույնպես, ուժեղը կաճի, իսկ թույլերը կգնան թունել փորելու ու շատերը վստահ եմ իրենց երջանկությունը գտնեն հենց թունելում, որտև դա է իրենց բնագիծը: Այս առումով Նիկոլը բոլորիս օգնում է, նա է իր վրա վերցնում մարդկանց հիասթափեցնելու կարևորագույն բեռն ու մինչև իր գործը չվերջացնի, չպիտի պլստա... «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։»

Վրեժից էլ պետք չէ «հուշտ» լինել: Ինչպես նշված է Ադեկվատիզմի մանիֆեստում վրեժխնդրությունը ընդամենը արդարությունը վերականգնելու պահանջ է, արդարությունը վրեժից տարբերվում է այնքան, որքան տարբերվում է պատիժը վնասից: Պատժել պետք է, ու պատժվողներ լինելու են` հազարներով: Դա ընդամենը պետք է անել արդարացիորեն: «Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել