Ամուլսարի շուրջ նորից թափ հավաքած դիսկուրսում ամենազավեշտալին իշխանության տարբեր օղակների ներկայացուցիչների որդեգրած դիրքորոշումն է։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ չէին խորշում որևէ տեսակի սպեկուլյացիայից, այսօր խոսում են ոչ այնքան ճիշտ բնապահպաններից, ոչ այնքան իրազեկ ջերմուկցիներից, ոչ այնքան վնասակար պոչամբարներից, ոչ այնքան կողմնակալ աուդիտից և այլն։
Իշխանականներ ջան, ձեզանից շատերը, եթե ոչ բոլորը, սրանից տարիուկես առաջ համարյա մոր արևով էր երդվում, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլատվությունը ստացել են կոռուպցիոն սխեմաների շնորհիվ։ Ձեզանից շատերը, եթե ոչ բոլորը, համարում էին, որ ցանկացած տեսակի պոչամբար, ցանկացած տեսակի էկոլոգիական ռիսկ ավելի անընդունելի է, քան սրբության կպնելը։ Ձեզանից շատերը, եթե ոչ բոլորը, ցասումն աչքերում՝ ասում էին, որ ժողովուրդը կարող է ընդվզել, ճամփա էլ փակել, եթե իր գոյությանն ու անվտանգությանը սպառնալիք է տեսնում։
Բա էդ ո՞նց է ստացվում, որ հենց Ամուլսարի ու Լիդիանի հարցում էդ բոլոր սկզբունքներից նահանջ ենք նկատում։ Ասվածի ճչուն օրինակ է ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, «Հայկական Ժամանակի» նախկին լրագրող Հայկ Գևորգյանը, որն անձնուրաց կերպով լծվել է հանքի շահագործման լոբբինգին։ Ասում է, որ թեմայի շուրջ աղմուկը քաղաքական է ու առաջ է եկել մեկ տարի առաջ, փորձում է զուգահեռել Ջերմուկն ու Քաջարանը, արբիտրաժային դատարանում պարտությունով է գուժում․․․
Լավ, մի կողմ դնենք այն պարզ իրողությունը, որ Ջերմուկը միշտ եղել է հանգստյան գոտի, իսկ Քաջարանը՝ արդյունաբերական։ Մի կողմ դնենք այն, որ նույն Ամուլսարի շուրջ պայքարը սկսվել էր շատ ավելի վաղ, քան 1 տարի առաջ և այլ նյուանսները։ Ինձ ուրիշ հարց է հետաքրքիր։ Օրինակ՝ ո՞ւր էր Հայկ Գևորգյանն՝ իր ծանրակշիռ կարծիքով հենց 1 տարի առաջ, երբ ջերմուկցիներն ու բնապահպանները բախումների մեջ էին Լիդիանի պերսոնալի հետ։ Ինչո՞ւ չէր գնում մարդկանց բացատրեր, որ իրականում իրենք սխալ տեղն են բոլոլա անում։ Ո՞ւր էր Հայկ Գևորգյանի կարծիքը լրագրող եղած ժամանակ։ Այն կարծիքը, որը կասեր, որ Ամւլսարի շուրջ աղմուկը սպեկուլյացիա է ու մանիպուլյացիա։ Առհասարակ, ինչո՞ւ Հայկ Գևորգյանն ու հայկգևորգյանները չէին դրսևորում այսչափ պրագմատիկ մոտեցում ոչ միայն Ամուլսարի, այլ ասենք՝ Թեղուտի ու այլ հանքավայրերի շուրջ ծագող ղալմաղալների ժամանակ։
Չեմ կարող ասել, թե ուր էին այն ժամանակ, բայց կարող եմ ասել՝ ուր են հիմա․ շահառուների շարքերում, էլ ո՞ւր։ Չեմ պնդի, որ անձամբ Գևորգյանը նյութական հետաքրքրվածություն ունի հարցում, բայց ունեմ բոլոր հիմքերը համարելու, որ «գործ ա, անում ենք» մեխանիզմն է։ Մարդուն ասել են Լիդիանի համար դոշ տուր, ինքն էլ տալիս է ինչպես կարողանում է։
Հա, շահառուներից խոսացինք․․․ Արմեն Սարգսյանը ո՞նց է, ասելիք չունի՞, թե Անգլիայի Թագուհու դեսպանը Հայաստանում սպասում է, որ իրեն միանա էն մեր նոր հայազգի անգլիական պացիենտը, որ մեզ պատմեն, թե ինչ բուժիչ հատկություններով է օժտված լինելու Ամուլսարի հանքը։ Իսկ մինչև դա, էշը ցեխից հանելու անշնորհակալ գործը ծանրացած կմնա հայկգևորգյանների ուսերին։
Հ․Գ․ Եթե նկատեցիք, ես էկոլոգիային ու տնտեսական կողմին առանձնապես հղում չարեցի։ Ինձ այս պատմության մեջ ամենաակնառու թվում է երեսպաշտությունն ու ցինիզմը, ինչի դեմ էլ կեցվածք եմ ընդունում։