Infocom.am-ը գրում է․

Երեկ հրապարակվեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությունը:

Փորձագիտական խմբի եզրակացության հրապարակումից 2 ժամ անց մեկնարկեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանի ասուլիսը: Դեռ երեկ անդրադարձել էինք  Յուրա Իվանյանի կողմից հնչեցված մանիպուլյատիվ հայտարարություններին:

Երեկոյան 1in.am-ի եթերում ևս տեղի ունեցավ Ամուլսարի հարցովքննարկում, որին մասնակցում էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գևորգյանը:

Հաղորդման ընթացքում կառավարող ուժի պատգամավոր Հայկ Գևորգյանը հանդես եկավ մի շարք մանիպուլյատիվ պնդումներով, որոնք կներկայացնենք ստորև.

Ե՞ րբ է սկսվել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը 

Պատգամավոր Հայկ Գևորգյանը հաղորդման ժամանակ ասում է, որ Ամուլսարի դեմ պայքարը քաղաքականացվել է 1 տարի առաջ՝ հեղափոխությունից հետո: 

«...հարցը սկսվել է 10 տարի առաջ ու բնակչությունը, բնապահպանները որևէ քայլ չեն արել: Հարցը քաղաքականացվել է 1 տարի առաջ, երբ փակվեցին հանքի ճանապարհները և թույլ չտվեցին հանքի շահագործումը: Դրանից հետո հարցը դառնում է քաղաքական, մինչև այդ բնապահպանական էր....»,- մասնավորապես նշում է պատգամավոր Հայկ Գևորգյանը:

Որպեսզի հասկանանք պարոն Գևորգյանի վերոնշյալ խոսքերի ապատեղեկատվական բնույթը, անհրաժեշտ է անդրադառնալ Ամուլսարի շուրջ ծավալված քննարկումների և գործընթացների ժամանակագրությանը:

«Լիդիան Արմենիա»-ն (նախկինում՝ «Գեոթիմ» ՓԲԸ) Ամուլսարում ոսկու հանքավայր հայտնաբերել է 2005 թվականին: Մինչև 2012 թվականը ընկերությունը զբաղվում է ներդրողների ներգրավմամբ և հանքի շահագործման նախնական ծրագրի կազմմամբ: 2012 թվականին «Լիդիան Արմենիա»-ն ՀՀ կառավարության հետ կնքում է ընդերքօգտագործման պայմանագիրը և ստանում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվությունը: 2012 թվականից սկսած մեկնարկում է «Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնության ստորագրահավաքն ընդդեմ հանքի շահագործման: Նախաձեռնությունը հայտարարել էր. «Թույլ չենք տալու փչացնել Ջերմուկի եւ Ջերմուկի երիտասարդների ապագան» և մտադիր էին ստորագրությունները կցել ՀՀ նախագահին ուղղվելիք նամակին:

Նշենք, որ «Ջերմուկը հանք չի դառնա» նախաձեռնությունը ստեղծվել է դեռևս 2011 թվականին:

Այնուհետև, 2015 թ. ապրիլից սկսած, Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի բազմաթիվ քաղաքացիներ և բնապահպանական հասարակական կազմակերպություններ դատական հայց են ներկայացրել ՀՀ բնապահանության նախարարության (այժմ՝ Շրջակա միջավայրի նախարարություն), ինչպես նաև ՀՀ կառավարության այլ գերատեսչությունների դեմ՝  վիճարկելով Ամուլսարի հանքավայրի շահագործման հիմք հանդիսացող փաստաթղթերը: Մասնավորապես, վիճարկվում է ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հաստատված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունը և որպես հետևանք՝ Ամուլսարի շահագործման համար հիմք ծառայող թույլտվությունները:

Ինչպես տեսնում ենք, բնակիչների և բնապահպանների պայքարը սկսել է դեռևս 2011 թվականից, նոր թափ է հավաքել 2012 թվականին, քանի որ  «Լիդիան Արմենիա»-ի և կառավարության միջև պայմանագիրը, որով թույլատրվում է հանքը շահագործել, ստորագրվել է հենց նույն թվականին: 

Բնակիչների բողոքների բովանդակությունից և հասցեատերերից ակնհայտ է, որ պայքարը քաղաքական է եղել դեռևս այն ժամանակվանից, քանի որ բողոքի հասցեատերերը պետական իրավասու մարմիններն են: Բողոքի օբյեկտը շահագործման համար հիմք ծառայող թույլտվություններն են, որոնք տրվել են պետական մարմինների կողմից, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է 2018-ից առաջ տեղի ունեցած ընդվզումների քաղաքական լինելը»։

Հետևաբար, Հայկ Գևորգյանի պնդումներն այն մասին, թե նախկինում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքար չի եղել և հարցը քաղաքական բնույթ չի կրել ապատեղեկատվություն  են և իրականությունից կտրված:

Ոչ տեղին համեմատություն Քաջարանի և Ջերմուկի միջև

ԱԺ պատգամավոր Հայկ Գևորգյանը հաղորդման ընթացքում հանդես է գալիս այն հարցադրմամբ, թե ինչու նմանատիպ ընդվզում չկա այլ հանքերի շահագործման դեմ: Համեմատություն է անցկացնում Քաջարան քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի հետ

«...ինչու՞ Ամուլսարի նկատմամբ կա էդ ընդվզումը ու էդ ընդվզումը չկա, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նկատմամբ, որն իր տեխնոլոգիական մասով կարող է դասվել աշխարհի ամենակեղտոտ հանքերից մեկը, դա սարսափելի հանքա էկոլոգիական իմաստով»,- մասնավորապես նշում է պարոն Գևորգյանը:

Այս համեմատականը քննարկելիս կարևոր է դիտարկել այն հանգամանքը, որ Քաջարան քաղաքը նախնական շրջանում եղել է գյուղ: Պղձամոլիբդենային տնտեսության հիմքերի վրա է ձևավորվել Քաջարան քաղաքի բնակչությունը և հանքարդյունաբերական տնտեսական մոդելը: Վերջինիս շնորհիվ էլ Քաջարանը ի սկզբանե ձևավորվել է որպես արդյունաբերական քաղաք:

Ինչ վերաբերում է Ջերմուկ համայնքին, ապա այն շուրջ 70 տարի է ինչ գործում է առողջարանային և էկոտուրիզմի ուղղություններով: Այսինքն բնակիչներն իրենց առօրյան ձևավորում են բացառապես էկո տնտեսական մոդելի հիման վրա: Հանքի շահագործման դեպքում համայնքի տնտեսական մոդելը հիմնարար փոփոխության է ենթարկվելու և կորցնելու ենք կարևոր առողջարանային համալիրներն ու էկոտուրիզմի զարգացման կենտրոնը:

Հետևաբար, Հայկ Գևորգյանի կողմից ներկայացված այս համեմատականը ոչ տեղին է, քանի որ գործ ունենք տնտեսական կյանքի ձևավորման տարբեր մոդելների հետ:

Միջազգային արբիտրաժն ու ֆինանսական բեռը

Հաղորդման ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը  պնդում է, որ «Լիդիան Արմենիա»-ի կողմից միջազգային արբիտրաժային դատարան դիմելու դեպքում հավանականությունը մեծ է, որ կպարտվենք և կպարտավորվենք 700 մլն դոլար վճարել «Լիդիան Արմենիա» ընկերությանը: Հատկանշական է, որ «Լիդիան Արմենիա»-ի՝ արբիտրաժային դատարան դիմելու դեպքում սպասվող հետևանքների և ֆինանսական կորուստների վերաբերյալ մինչ այժմ չի հնչեցվել որևէ իրավական, փորձագիտական և մասնագիտական գնահատական:

Ինֆոքոմը փորձեց կապ հաստատել Հայկ Գևորգյանի հետ՝ հասկանալու համար, թե որտեղից է պատգամավորի տեղեկատվությունը՝ արբիտրաժում պարտվելու հավանականության և վճարվող գումարի չափի վերաբերյալ, սակայն պարոն Գևորգյանը չպատասխանեց մեր զանգերին:

Այսպիսով, հաղորդման ընթացքում պատգամավորի կողմից արված դիտարկումներից երկուսը պարունակում էին ապատեղեկատվություն կամ մանիպուլյատիվ էին, իսկ վերջին դեպքում անհայտ են պնդման փաստական հիմքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել