Հաշվի առնելով, որ ինքս անդրադարձել էի նախագծերի փաթեթի որոշ կարգավորումներին՝ ներկայացնեմ վերոնշյալ հայտարարության վերաբերյալ հարցադրումներս: Այսպես.
1. ԱՆ հայտարարության մեջ ներկայացված փորձը վերաբերում է միայն վաղ կենսաթոշակային տարիքի սահմանմանը կամ վաղ կենսաթոշակի անցնելու պրակտիկային։ Այս դեպքում հարց է ծագում՝ ինչու՞ ԱՆ-ն չի անդրադարձել նաև նախագծում արտացոլված անաշխատ գումարներ վճարելու միջազգային փորձին, թե մեր նոր իրողության մեջ աշխատանքից դուրս գալու տարիքն ուղիղ համեմատական է կենսաթոշակային տարիքին։
2. Արդյո՞ք ԱՆ-ն որևէ տարբերություն չի նկատում միջազգային փորձում առկա կենսաթոշակային տարիքի վրա հասնելու կամ վաղ կենսաթոշակի անցնելու հիմքով սոցիալական երաշխիքների տրամադրման, և նախագծով կարգավորված՝ մինչկենսաթոշակային տարիքի լրանալը աշխատանքից հեռացած դատավորների համար սոցիալական երաշխիքների նախատեսման միջև։ Արդյո՞ք երկրորդ դեպքում՝ դատավորների անկախության սկզբունքի մասը կազմող սոցիալական երաշխիքները հետագայում նույնքան ամուր և կայուն կարող են լինել, որքան առաջինի դեպքում է։
3. Արդյո՞ք տնտեսապես շատ ավելի կայուն վիճակում գտնվող երկրների կողմից ֆինանսական նման բեռի ստանձնման օրինակներն /դատավորների համար վաղ տարիքից կենսաթոշակի սահմանումը/ ընդունելի է շատ ավելի խոցելի տնտեսություն ունեցող Հայաստանի Հանրապետության համար: Արդյո՞ք օրենքին համապատասխան տրվել են կարգավորման ազդեցության գնատականները:
4. Նշվում է արդարադատության համակարգը կործանման վերահաս վտանգից փրկելու համար գործուղված նախագծի նպատակը՝ «կյանքի կոչել սահմանադրական փոփոխություններով ամրագրված սահմանադրական դատարանի մոդելը»։ Սա նման է սահմանադրին/ժողովրդին անհույս մոլորությունից հանելու փորձի՝ վերաշարադրելով նրա կամքը, որն, ըստ երևույթին, թյուրիմացաբար «սխալ էր ձևակերպվել»: Ինստիտուցիոնալ հիշողությունն այնպիսի անհրաժեշտ գործիք է, որ նմանաբնույթ իրավիճակներում հստակեցնում է, որ սահմանադիրը որոշել էր հարգել դատավորների անկախության սկզբունքը՝ չնախատեսելով հեռանալու դիմաց նույնիսկ փոքրիկ խրախուսում, և ըստ կարգավորումների տրամաբանության՝ նշված մոդելը կյանքի էր կոչվելու աստիճանաբար՝ առկա կարգավորումների շրջանակներում, ՍԴ դատավորների պաշտոնից հեռանալու համատեքստում:
Բացի այդ, «սահմանադրի կամքի իրացումը», եթե հիրավի դա է նախագծերի նպատակը, արժեր ապահովել նաև մյուս մարմինների դեպքում, որոնց կազմավորման մոդելի համար նախատեսված էր էվոլյուցիոն ճանապարհ, այլապես՝ սա կարող է դիտարկվել որպես ՍԴ դատավորների նկատմամբ խտրականություն։
Հետևաբար՝ արդյո՞ք անշահախնդիր է ՍԴ դատավորներին ուղղված կամավոր «խրախուսանքից» օգտվելու թեզը:
5․ Արդյո՞ք ներկայացվածը դատաիրավական բարեփոխումների լավագույն փորձն է։ Արդյո՞ք իրականացվել է համապարփակ ուսումնասիրություն համապատասխան երկրներում նույնաբնույթ կարգավորումների իմպլեմենտացիայի, դրանց դրական և/կամ բացասական հետևանքների, դրանց վերաբերյալ միջազգային կառույցների արձագանքի վերաբերյալ։
6. Արդյո՞ք ԱՆ հայտարարությամբ ներկայացված դատավորների վաղ տարիքից կենսաթոշակի անցնելու վերաբերյալ միջազգային փորձն ունի աղերս ԱՆ-ի կողմից ներկայացած ՍԴ-ի հետ կապված կարգավորումներին. կարծում եմ՝ ոչ:
Ամփոփելով նշեմ, որ համակարծիք եմ՝ վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունը որպես դատավորի սոցիալական երաշխիք գնահատելու հետ, ինչին դիմել են մի շարք առաջադեմ երկրներ, սակայն, ոչ ներկայացված նախագծերի փաթեթի համատեքստում, որն անգամ դեռևս չլինելով ընդունված օրենք՝ ընդամենը եռամսյա ժամկետ է սահմանում ՍԴ դատավորների համար այդ հնարավորությունից օգտվելու: Այս կարգավորման համատեքստում արդեն գործ ունենք ոչ թե սոցիալական երաշխիքի, այլ՝ ՍԴ դատավորներին ուղղված այլընտրանքի հետ:
Հ. գ. Անշուշտ, դրական շարժ է Սահմանադրական դատարանի «դատավոր-անդամ» աշխարհին ոչ վաղ անցյալում անհայտ, իսկ հետագայում աշխարհացունց իրավամեկնաբանողական «հնարքի» արհամարհումը, և այլ իրավական համակարգերից ինչ որ չափով առնչելի կարգավորումների առաջարկումը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gohar.meloyan/posts/2311260382242392
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել