168.am-ը գրում է.

«Մենք խոսել ենք միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ, ես առիթ ունեցա մանրամասնորեն ներկայացնել Արցախի հարցի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները, դիրքորոշումը, դիրքորոշումների տրամաբանությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին Ուրուգվայի իր գործընկեր Ռոդոլֆո Նին Նովոայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Վերահաստատեցի, որ Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը եղել և մնում է գերակա հարցը մեր մոտեցումներում, և դրանից բխող ստատուսի հարցը մնում է գերակա հարց մեզ համար:

Ես նշեցի, որ համապատասխան միջավայրը խաղաղ գործընթացն առաջ տանելու համար եղել և մնում է կարևորագույն հարց: Մանրամասնեցի, թե ինչ է նշանակում մեր մոտեցման մեջ այն, որ վերաբերում է այն հարցին, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Շնորհակալ եմ իմ գործընկերոջն այն ընկալումների համար, որոնցով նա կիսվեց ինձ հետ այդ հարցի շուրջ»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Արտգործնախարարը նշեց, որ ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունները՝ տարբեր ուղղություններով, հայկական կողմի աշխատանքը տարբեր կազմակերպություններում, ինտեգրացիոն գործընթացներում.

«Նաև լսեցի Ուրուգվայի գերակայությունները ինտեգրացիոն գործընթացներում, որը նույնպես շրջանակ է մեզ համար աշխատելու երկկողմ օրակարգով: Վերահաստատեցինք, որ այն երկխոսությունը, որ ունենք, շարունակական է, այս շաբաթվա ընթացքում ունենալու ենք շատ ուրախալի մի իրադարձություն, երբ Երևանում կբացվի Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել