Hraparak.am-ը գրում է.

Մի քանի օր առաջ Կադաստրի կոմիտեի Երևանի «Կենտրոն» գրասենյակի պետ է նշանակվել Սամվել Մնացականյանը։ Կադաստրի կոմիտեի հաղորդագրության համաձայն․ «Մասնագիտությամբ իրավաբան (ԵՊՀ), 63-ամյա Մնացականյանը մինչ այս զբաղեցնում էր Կոմիտեի իրավաբանական վարչության պետի պաշտոնը (2014 թվականից)։ Իրավաբանական վարչության պետի թափուր պաշտոնի համար Կոմիտեն մրցույթ է հայտարարել»։

Սակայն Կոմիտեն չգիտես ինչու չի նշել, որ Սամվել Մնացականյանը նախկին դատավոր է՝ աշխատում էր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում։ Նրա լիազորությունները 2011 թվականին դադարեցվել էին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի միջնորդության հիման վրա՝ մի գործով խափանման միջոցը գրավով փոխելու որոշման պատճառով։ Այն ժամանակ Մնացականյանին համակարգից հեռացնելը մեծ աղմուկ առաջացրեց եւ «Հրապարակը» մի քանի հոդվածներով ներկայացրեց կատարվածը եւ դատավորի պարզաբանումները, սակայն իշխանությունները որոշել էին նրան ազատել եւ արեցին դա։ Հետագայում Մնացականյանը դիմեց Եվրոպական դատարան՝ ՄԻԵԴ-ում նրա ներկայացուցիչներն էին Արտակ Զեյնալյանն ու Արա Ղազարյանը։ Իսկ 2018-ին արդեն ՄԻԵԴ-ը հարցադրումներ էր ուղարկել ՀՀ կառավարությանը։ Իսկ նոր իշխանություններն արդեն գնահատեցին Մնացականյանի կրած զրկանքները եւ նրան բավականին լուրջ պաշտոն առաջարկեցին՝ Կադաստրի կոմիտեի Երեւանի գրասենյակի ղեկավար։

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է Եվրադատարանում Մնացականյանի գանգատի հիման վրա քննվող գործը, նրա ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն ասաց․ «Սամվել Մնացականյանի վերաբերյալ դեռ չկա ՄԻԵԴ վճիռ, Եվրոպական դատարանը, այս գործով, պայմանականորեն, խորհրդակցական սենյակում է»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել