Որպես նախկին, բայց «հավերժ» երիտասարդ՝ տասը խորհուրդ ունեմ ներկայիս երիտասարդներին՝ ելնելով «սովորել, սովորել, սովորել» չխամրող կարգախոսից։

1. Սովորե՛ք ճանաչել ինքներդ ձեզ։ Մշտապես եղեք ներքին դիալոգի մեջ։ Ազնիվ եղեք հայելու առջև։ Դրա անունը կարող եք դնել խիղճ, ներքին ձայն՝ կարևոր չէ։ Թող հենց ձեր խիղճը լինի ձեր թիվ մեկ դատավորը։

2. Սովորե՛ք մտածել։ Մի կարծեք, թե մտածելը պարզունակ բան է։ Ուշադրություն դարձրեք ձեր մտապրոցեսին ու սովորեք խուսափել մտքի սխալներից դատողություններում, եզրահանգումներում։

3. Սովորե՛ք աճել։ Երբեք մի սահմանափակվեք ունեցած աշխարհայացքով։ Գրքեր կարդացեք, ֆիլմեր դիտեք, երաժշտություն լսեք։ Կասկածե՛ք։ Փնտրեք։

4. Սովորե՛ք չհիասթափվել։ Կուռքեր մի ստեղծեք, որ հետո չհիասթափվեք։ Սահմանափակեք ձեր ոգևորությունը։

5. Սովորե՛ք հարգել։ Եթե բոլորը ձեր պես մտածեին, կյանքը կլիներ տաղտկալի։ Վիճեք, բայց հարգանքով։ Անգամ եթե կռվում եք, մի կորցրեք հարգանքը։

6. Սովորե՛ք երազել։ Առանց երազանքների կյանքը տաղտկալի է։ Ունեցեք ճիշտ երազանքներ։

7. Սովորե՛ք լռել։ Խոսեք, երբ կարևոր է։ Կարծիք հայտնեք, երբ տեղյակ եք։ Հարգեք ձեր լռությունը։

8. Սովորե՛ք գնահատել։ Զանազանեք թացը չորից, արժեքավորը աղբից, հավերժականը անցողիկից։ Լավ սովորեք։

9. Սովորե՛ք չչարանալ։ Հարվածներն ընդունեք արժանապատվորեն։ Մի թունավորեք ինքներդ ձեզ ատելությամբ։

10. Սովորե՛ք չընդունել ուրիշի խորհուրդները։ Այդ թվում նաև սրանք։ Ձևավորեք ձեր Սահմանադրությունը ինքնուրույն։ Միևնույն է՝ դուք խորհուրդ լսող չեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել