Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ից Գյումրիում է և վերջին օրն էլ նա տրամադրեց Գյումրին գովազդելուն՝ «Հայրենաճանաչության մասին. կիրակնօրյա զբոսանք Գյումրիում» խորագրով... 
Շատ գովելի նախաձեռնություն է, որը հուսանք` ավելի մեծ էֆեկտ է ունենալու Շիրակի մարզկենտրոնի համար, քան իշխանությունների կողմից ընդամենը օրեր առաջ նախաձեռնած «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը և տեղական արտադրանքի ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը... 
Տեղեկացնեմ, որ համաձայն իմ տեղեկությունների` այդ օրը որևէ ներդրումային համաձայնագիր կամ ընդհանրապես բանակցություններ շիրակցի արտադրողների և ինչ-որ ներդրողների միջև չի կայացել... 
Պարոն Փաշինյանի և նրա տիկնոջ Շիրակի մարզկենտրոնը գովազդելու ուղին անցնում էր Գյումրու կենտորնական երկու` 14-րդ և 16-րդ՝ Ռուսթավելիի և Գորկու ու դրանք հատող փողոցներով, որոնք վերանորոգված, բարեկարգ են և բավական «ճշգրիտ» ներկայացնում են գյումրվա կոլորիտը... 
Իսկ հիմա հարց... Ու՞մ վարչապետության ժամանակ, ու՞մ նախաձեռնությամբ են այդ երկու և դրանք հատող փողոցներում տեղի ունեցել և նախաձեռնվել կապիտալ վերանորոգման և խոշոր ներդրումային ծրագրերը... Պատասխանեմ՝ ընդամենը 1,6 տարի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբացեղրած Կարեն Կարապետյանի ժամանակ... Զարմանալի չէր նաև այն, որ երկու օրվա ընթացքում պարոն Փաշինյանը երկու անգամ այցելեց և հատուկ գովազդեց նաև նախկին վարչապետին պատկանող ռեստորանային համալիրը, որը գտնվում է այդ փողոցներից մեկում... 
Ի՞սկ ինչ է արել պարոն Փաշինյանի կառավարությունը Գյումրիի համար այս 1,3 տարվա ընթացքում... Ի՞նչ ներդրումային ծրագրեր են իրականացրել նրա թիմակիցները Գյումրիում կամ ի՞նչ գործարարներ են Գյումրիում ներդրումներ արել պարոն Փաշինյանի խորհրդով և նախաձեռնությամբ... Երևի պատասխանը բոլորը գիտեն... 
Ինչպես ապացուցեց նախկին վարչապետը, 1,6 տարին քիչ ժամանակ չէր, որ պարոն Փաշինյանը և նրա ղեկավարած կառավարությունը ( 1,3 տարի էլ ղեկավարում են երկիրը) ևս ինչ-որ ծրագիր գոնե նախաձեռնեին, որը կիրականացվեր Գյումրիում... Լավ կլիներ, որ պարոն Փաշինյանի կողմից նախկինում բազմաթիվ ապօրինությունների մեջ մեղադրվող օլիգարխները, որոնք, ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների, հիմա շատ օրինապաշտ են, և ըստ բազմաթիվ ԶԼՄ-ների, բավականին կլորիկ գումարներ են մուծում պարոն վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բարեգործական հիմնադրամին, այդպիսի կլորիկ գումարներ նաև ներդնեն Գյումրիի պատմական կենտրոնի այլ փողոցների բարեկարգման համար, ներդրումներ կատարեն այդտեղ և այդ փողոցները ևս դարձնեն զբոսաշրջիկների համար գրավիչ վայր՝ Ռուսթավելի և Գորկու փողոցների համապատասխան հատվածների նման... Ու հաջորդ անգամ, երբ պարոն վարչապետն այցելի Գյումրի, ոչ միայն զբոսնի գյումրեցիների այսպես ասած "Կարեն Կարապետյանի փողոցով", այլև՝ «վարչապետ Նիկոլ Փաշինյանի փողոցով»... Գյումրիի պատմական կենտրոնի բազմաթիվ հետաքրքիր և գեղեցիկ ճարտարապետություն ունեցող փողոցներ, դրանց վրա գտնվող շենքեր և շինություններ սպասում են ներդրողներին, որոնց Գյումրի բերելը նաև ՀՀ կենտրոնական իշխանությունների խնդիրն է... 
Հ.Գ. Գյումրիում այժմ իրականացվող ճանապարհաշինության և փողոցային լուսավորության փոփոխման լայնամասշտաբ ծրագիրը ևս որևէ կապ չունի գործող իշխանությունների հետ, քանի որ 23 միլիոն եվրոյի այդ ծրագիրը հաստատվել էր դեռ 2015 թ-ի դեկտեմբերի սկզբին, իսկ լայն թափ էր ստացել կրկին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման ժամանակ... 
Գյումրին սպասում է հետհեղափոխական իշխանությունների խոստումներին և հատկապես ներդրումային ծրագրերին, որոնք թռիչքաձև աճ կապահովեն քաղաքի զարգացման և բնակիչների սոցիալական վիճակում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել