168.am-ը գրում է.

Այս օրերին Առողջապահության նախարարությունը հետաքրքիր նախաձեռնությամբ ստուգայցեր է կազմակերպել առողջապահական պետական հաստատություններ: Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով գույքագրվում են կառույցների՝ խնայողական ռեժիմին անցնելու հնարավորությունները. այլ կերպ ասած՝ էներգոաուդիտ է անցկացվում՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով էլեկտրաէներգիայից արևային էներգիայի սպառմանն անցնելու համար:

Նշենք, որ Էներգոաուդիտն էլեկտրաշինությունից արևային լույսի փոխարկման անցումային փուլում կիրառվող պարտադիր գործիք է, որը հնարավորություն է տալիս ամբողջությամբ գնահատել արևային էներգիայով սնվելուն անցում կատարող կառույցի սպառման մակարդակի վրա ազդող բոլոր գործոնները, ըստ այդմ՝ խնայողության հնարավորությունները և համակարգի թերությունները, և վերջապես, կազմվում են էկոհամակարգի տեղադրման ողջ գործողությունների ֆինանսական ծախսերը՝ ըստ հիմնավորումների:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս էկոհամակարգին անցնելու նախաձեռնության պիլոտային ծրագիրը նախարար Թորոսյանն իրականացրեց Աբովյանի Տուբերկուլյոզի ազգային կենտրոնում, և ահա շահեկանորեն բարձր արդյունք տված խնայողական ռեժիմը որոշվեց տարածել ու կիրառել նաև նախարարության ենթակայությամբ գործող մյուս բոլոր՝ 10 բժշկական հաստատությունների վրա:

Ոլորտի մասնագետների խոսքով՝ սա մի ձեռնարկ է, որը թեև ծախսատար է առաջին փուլում, բայց և հստակ հաշվարկներ կան, որ տեղադրվող համակարգի, պանելների ծախսը, ըստ էության, մի քանի տարվա սպառած էլեկտրաէներգիայի ծախսի ցուցանիշն է, և ներդրվող համակարգով, որպես կանոն, 5-6-րդ տարվանից սկսած՝ էլեկտրաեներգիայի սպառումը դառնում է անվճար:

Նշենք, որ էներգոաուդիտի անցկացումն իրականացվում է պետության հաշվին, բժշկական հաստատությունները, որպես ՊՈԱԿ-ներ, պիտի յուրաքանչյուրն իր գանձարանից առնվազն 1 միլիոն դրամ դուրս գրի, որպեսզի միջինացված թվով հավաքագրվող գումարը կոմպենսացնի բոլոր բուժհաստատությունների գույքագրման ծախսը:

Եվ նախարարի թույլատրած 1 մլն դրամ ծախսը, հիշեցնենք, տվյալ դեպքում այն սահմանն է, որից հետո ծախսն այլևս գնումների գործընթացով իրականացվող բյուրոկրատական քաշքշուկի է վերածվում:

Գաղափարը, անխոս, գովելի է, և բնական է, որ կխրախուսվի պետական միջոցները խնայելու նախարարի ձեռնարկումը, բայց արի ու տես՝ անգամ այս հրաշալի նախաձեռնությունը նախարարության աշխատակազմի ներսում սուր քննադատության է ենթարկվում: Հայտնի չէ, նույն ընդիմախոսները համարձակվո՞ւմ են արդյոք նախարարին հակադարձել դեմ առ դեմ, բայց մեզ հետ զրույցում անկաշկանդ փոխանցեցին իրենց տարակուսանքը:

Ուշագրավ է այն, որ շուկայում գործող արևային լույսի փոխարկումը էլեկտրականության, որպես կանոն, իրականացվում է տեղական ընկերությունների կողմից անվճար էներգոաուդիտի անցկացումով, ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նախարար Թորոսյանը որոշել նախարարության ենթակայությամբ գործող բոլոր 10 ԲԿ-ների համար գումար դուրս գրել՝ նախընտրելով վճարովի ծառայության տարբերակը:

Եվ իսկապես պաշտոնյայի մտահոգությունն ինչ-որ տեղ արդարացված է՝ ինչո՞ւ վճարել մի բանի համար 10 մլն դրամ, երբ, այսպես թե այնպես, գնումների գործընթացով ներդրվող արևային էներգիայի համակարգի համար կարելի էր շուկայում գործող ընդամենը մի քանի շահագրգիռ կազմակերպությունների հետ նախնական պայմանավորվածության գալ էներգոաուդիտի հարցում՝ մանավանդ, որ այդ աշխատանքն հիմնականում անվճար է իրականացվում:

Թող ներվի ասել՝ նախարարի կասկածելի որոշումը լրիվ ընկալելի է դառնում մյուս տեղեկատվության ֆոնին առ այն, որ էներգոաուդիտի իրականացման աշխատանքների համակարգումն իրականում դրված է մեկ անձի՝ նախարարի մտերիմ ընկերոջ՝ Գևորգ Սիմոնյանի վրա:

Գևորգ Սիմոնյանը զբաղեցնում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնը, նա վերջերս է նշանակվել: Սա նշանակում է՝  առողջապահական համակարգի ներսում նախարարի համար չի գտնվել որևէ հուսալի պաշտոնյա, ում, թեկուզ ոչ իր գործառույթներից ելնելով՝ կարելի էր վստահել էներգոաուդիտի անցկացման աշխատանքների համակարգումը, փոխարենը՝ նախարարությունում փողային հարցերը կուրացիա է անում դրսից վստահորդ մեկը, որի առավելությունը, թերևս, նախարարի հետ մտերմիկ կապն է, ուրիշ ոչինչ:

Նախարարության լրատվական ծառայությունից հաստատեցին մեր ունեցած տեղեկատվությունը՝ նշելով, որ գործընթացի մեկնարկն արդեն տրված է, այս օրերին նախարարության ենթակա կառույցները՝ 2  ՊՈԱԿ և 8 ՓԲԸ, իրենց հաշվին և մինչև մեկ միլիոն դրամանոց պայմանագրեր կկնքեն  վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ հ/կ-ի հետ է էներգոաուդիտի համար, որից հետո արդեն կազմված նախահաշիվների համաձայն՝ մրցույթներ կանցկացվեն տվյալ բուժհաստատություններում արևային էներգիայի համակարգին անցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել