ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՐՈՒՍԵԼ

Հետևելով Էռնստ Կրաուսին

Ահա արդեն 25 տարուց ավելի է, ինչ հայի ժամանակը դադարել է սովորականի պես անցյալից, ներկայով դեպի ապագա ընթանալ և պտտական շարժում է կատարում: Մենք, ազգովի, հայտնվել ենք մի ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՐՈՒՍԵԼԻ տախտակամածին, ուր շարժում կա, սակայն առաջխաղացում չկա, ուր առկա են ընթացքի բոլոր զգացողությունները, սակայն բացակայում է առաջընթացը: Մեր այս իրականության մեջ խառնաբնդորված են ներկան ու անցյալը, իսկ ապագա կոչվածը միայն արտաքին, ձևական փոփոխությունների ենթարկված, սակայն խորքում էապես ոչ մի նոր բան պարունակող նույն ճղճիմ անցյալն է: Շատերս դժգոհում ենք այսպիսի ընթացքից, ավելին, մշտնջենական այս տեղապտույտը մարդկանց մոտ սրտխառնոց է առաջացնում, անվերջ կրկնվող պատկերները արդեն հոգնեցրել են բոլորին, սակայն ոչ ոք չի ցանկանում ինքնուրույն մեկ քայլ անել ու իջնել այս չարաբաստիկ կարուսելի տախտակամածից:

Մեր դժգոհությունները, որպես օրենք, արտահայտվել են կարուսելի կարգավարի հրաժարականի պահանջով: Այս տարիների ընթացքում երեք ՛՛կառուսել աշխտցնող՛՛ ենք փոխել, առաջընթացի ակնկալիքով փղիկներին նստածներս վազել, նստել ենք այծյամներին, ձիակառքերից ՛՛թռել՛՛ ենք ավտոմեքենաներին, կանգնածներս նստել ու նստածներս կանգնել ենք, սակայն կարուսելը սկսել է պտտվել ու ամեն բան վերադարձել է ի շրջանս յուր՝ ոչինչ չի փոխվել: Մենք երբեք չենք փորձել և չենք էլ փորձում հասկանալ, որ շարժման այսպիսի ընթացքի տրամաբանությունը կարուսել աշխատացնողներից չի կախված և մեր բողոքի առարկային չի առնչվում ընդհանրապես: Խորքային, ենթագիտակցական, այսինքն մտքով չձևակերպվող չափողականություններում մեր բողոքը ընթացքի կարուսելային տրամաբանությունն է վերաբերվում…

Այսօրվա մեր ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ, որտեղ գերակայում է նյութապաշտությունն ու էգոցենտրիզմը, որտեղ մարդկային գործունեության բոլոր ոլորտներում առաջնայնացված են մարդկանց միմյանցից վանող, նրանց ատոմացնող մարդու եսակենտրոն ընկալումներն ու ցանկասիրությունները, որտեղ սեփական, ընտանեկան, կուսակցական-կորպորատիվ շահերը վեր են դասված համընդհանուր շահից, ՊԻՏԻ ՓՈԽԱՐԻՆՎԻ մարդկային հարաբերությունները ներդաշնակող, մեկ Գլխավոր Նպատակի իրականացման շուրջ մարդկանց միավորող Նոր գաղափարներով: Համաձայն նոր ընկալումների արդարությունը, բարձրագույն բարոյականությունը, մարդկային առաքինությունները ոչ թե լոկ որպես գաղափարներ են հանդես գալու և հասկացվելու, այլ որպես կատարված փաստեր ու կյանքի նորմեր են հաստատվելու:

Մենք պիտի անցնենք մի նոր չափողականության, որտեղ նվազագույնի հասցված կլինի ձևի և բովանդակության միջև այսօր ահռելի չափերի հասած անհամապատասխանությունը, որտեղ հաղթահարված կլինի երևույթի և էության միջև գոյություն ունեցող անդունդը: Մեր հետագա ընթացքը անհատների միջոցով պիտի կերտվի: Անհատներ, ովքեր նյութականից չկառչած չափողականությունների տիրույթներում են կառուցելու իրենց դատողությունները: Նրա՛նք է, որ պիտի դառնան ՆՈՐ մտածողության բյուրեղացման կենտրոնները:

Ճակատամարտի դաշտը դրսից ներս, արտաքինից, մարդու ներաշխարհը պիտի տեղափոխվի: Յուրաքանչյուրն ինքը պիտի փոխվի: Մարդն ինքն իրեն պիտի հաղթի: 
Սա չափազանց բարդ խնդիր է, քանզի յուրաքանչյուրիցս ինքնուրույնության ու ներքին ազատության չափազանց բարձր աստիճան է պահանջում:

Ես չգիտեմ, թե այս ամենը ինչպե՞ս և ե՞րբ է տեղի ունենալու, սակայն վստահ եմ, որ սա է մեր և ինչու ոչ, համայն մարդկության լինելիության միակ ՃՇՄԱՐԻՏ ՈՒՂԻՆ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել