Pastinfo.am-ը գրում է.

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Վճռաբեկ դատարանին բողոքարկել է Գեւորգյանի ամբողջ գույքի վրա դրված կալանքը վերացնելու հարցով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանից։

Հիշեցնենք, որ պաշտպանը գործի կասեցման փուլում միջնորդել էր վարույթն իրականացնող դատարանին՝ խնդրելով քննարկել Գեւորգյանի ամբողջ գույքի վրա դրված կալանքը վերացնելու հարցը, եւ հունիսի 21-ին դատարանից ստացվել էր գրություն, ըստ որի՝ պաշտպանական կողմի այդ միջնորդությունը կքննարկվի գործը վերսկսելուց հետո, քանի որ կասեցման փուլում դատավարական որեւէ գործողություն կատարելու իրավասություն չունի։ Դատարանի այս գրությունը պաշտպանական կողմը դիտարկել էր որպես մերժման որոշում, որով խախտվել է Գեւորգյանի՝ Սահմանադրությամբ եւ Եվրոպական Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքը, եւ վերաքննիչ բողոք էր ներակայացրել։ Հետագայում Վերաքննիչ քրեական դատարանը՝ Տիգրան Սահակյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել բողոքը առանց քննության թողնելու մասին։

Մեզ հետ զրույցում Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ իր այդ որոշումը Վերաքննիչ քրեական դատարանը պատճառաբանել էր նրանով, որ Առաջին ատյանի գրությունը դատական ակտ չէ, ուստի բողոքարկման ենթակա չէ. «Մենք միանշանական համաձայն չենք Վերաքննիչի այս որոշման հետ եւ գտնում ենք, որ Վերաքննիչը այդ գրությունը պետք է դիտարկեր ոչ թե ձեւական, այլ բովանդակային առումով, որովհետեւ բովանդակային տեսանկյունից այն պարունակում է որոշում, այն էլ՝ մերժման որոշում, իսկ անձի իրավունքը գերակա է ձեւական ընթացակարգերի նկատմամբ»։

Էրիկ Ալեքսանյանի խոսքով՝ այստեղ առկա է օրենքի միատեսական կիրառման հարց, որի լուծմամբ օժտված է միայն Վճռաբեկ դատարանը. «Այդ իսկ պատճառով մենք Վճռաբեկ բողոք ենք ներկայացրել եւ հույս ունենք, որ Բարձր դատարանը վարույթ կընդունի բողոքը եւ ողջամիտ դիրքորոշում կհայտնի, որը էական դեր կունենա իրավակիրառ պրակտիկայում»։

Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք է դրվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի կողմից դեռեւս 2018 թվականի օգոստոսի 21-ին։

Արմեն Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել