168.am-ը գրում է.

Հնդկաստանի իշխանություններն ավելի քան 500 մարդու, ներառյալ տեղի կուսակցությունների ներկայացուցիչների են բերման ենթարկել Ջամուի եւ Քաշմիրի լուծարված նահանգի տարածքում: Այդ մասին օգոստոսի 8-ին հայտնել է All India Radio-ն:

«Իրավապահ մարմինների աշխատակիցներն ավելի քան 500 մարդու են բերման ենթարկել Քաշմիրում, այդ թվում նաեւ քաղաքական ղեկավարների եւ ակտիվիստների: Բնակչության մեծ մասը տանն է մնում անվտանգության ուժեղացված միջոցառումների պատճառով,-ասված է հաղորդագրության մեջ:-Ընդհանուր առմամբ իրադրությունը տարածաշրջանում մնում է հանգիստ, Հնդկաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում կարգուկանոնը պահպանելու համար»:

Ավելի վաղ ANI գործակալությունը հայտնել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդես կգա ազգին հղված ուղերձով Ջամուի եւ Քաշմիրի նախկին նահանգում ստեղծված իրադրության կապակցությամբ:

Օգոստոսի 7-ին Պակիստանի իշխանությունները որոշում են ընդունել Հնդկաստանի դեսպանին արտաքսել այն բանից հետո, երբ Նյու Դելիում հայտարարեցին նահանգի լուծարման մասին:

Նաեւ Իսլամաբադը հայտարարել է Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնելու եւ երկկողմ առեւտուրը դադարեցնելու մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել