Լինայի մայրն անհանգստացած էր, քանի որ նրա հնգամյա դստեր փորն օրեցօր մեծանում էր։ Բժիշկները վստահ էին, որ գործ ունեն ուռուցքի հետ, սակայն հետազոտումից հետո ամբողջովին այլ բան պարզվեց։

Լինա Մեդինան ծնվել է 1933 թ. Պերուում։ Նա լույս աշխարհ է եկել ոսկերչի ընտանիքում։ Երբ հինգ տարեկան էր, նրա անհանգստացած ծնողները որոշեցին դստերը հիվանդանոց տանել, քանի որ վերջինիս փորը արտասովոր կերպով շարունակում էր մեծանալ։ Բժիշկները կարծում էին, որ աղջկա մոտ ուռուցք կա։

Սակայն ինչքան զարմացան բոլորը, երբ հայտնաբերվեց, որ ուռուցք չկա, այլ աղջիկը գտնվում է հղիության յոթերորդ ամսում։ Բժիշկ Հերարդո Լոսադան, ով զբաղվում էր աղջկա բուժմամբ, վերջինիս տեղափոխեց Լիմայի մայրաքաղաքային հիվանդանոց, որպեսզի վստահ լինի, որ բժիշկները չեն սխալվել և որ Լինան իսկապես երեխայի է սպասում։

Մեկուկես ամիս անց՝ 1939 թ. մայիսի 14-ին, կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ եկավ Լինայի որդին։ Փոքրիկը լիովին առողջ էր ու կշռում էր 2,7 կգ։ Նրան անվանեցին Հերարդո՝ բժշկի պատվին։

Վիրահատության ընթացքում բժիշկն ուշադրություն դարձրեց այն բանին, որ չնայած Լինան դեռ հինգ տարեկան էր, նրա սեռական օրգաններն ամբողջապես զարգացած էին, ինչպես հասուն կանանց մոտ։ Լինայի առաջին դաշտանային ցիկլը սկսել է ընդամենը երկու տարեկան հասակում, իսկ երեք տարեկանում դրանք սկսել են պարբերական բնույթ կրել։

Լինայի մոտ ախտորոշվեց հազվադեպ վիճակ, որը կոչվում է «վաղաժամ սեռական հասունություն»։ Նորածնին վերցրին Լինայի ծնողները, և մինչև 10 տարեկանը տղան համոզված էր, որ Լինան իր քույրն է։

Երեխայի հայրը

Բոլորին մի հարց էր հետաքրքրում. ո՞վ է եղել այն սրիկան, ով հնգամյա երեխայի հետ սեռական հարաբերություն է ունեցել և հղիացրել նրան։ Առաջին կասկածյալը հենց Լինայի հայրն էր։ Ոստիկանությունն անհապաղ ձերբակալեց նրան, սակայն վերջինիս բաց թողեցին ապացույցների անբավարարության պատճառով։

Լինան լռում էր։ Նա անգամ բառ չէր արտաբերում այն մասին, թե ով կարող է լինել երեխայի հայրը և թե ինչ է իր հետ կատարվել։ Նա լուռ մնաց ողջ կյանքում, և ինչպես երեխայի հոր անունը, այնպես էլ դեպքի հանգամանքներն անհայտ մնացին։

Կային կասկածներ, որ այն գյուղում, որտեղ ծնվել էր Լինան, ժամանակ առ ժամանակ տոնակատարություններ էին տեղի ունենում, որոնք ավարտվում էին օրգիաներով։ Հավանական է, որ հենց դրանցից մեկի ժամանակ էլ աղջիկը հղիացել է։

Հետագա կյանքը

Բժիշկ Հերարո Լոսադան մեծ պատասխանատվություն էր զգում փոքրիկ աղջկա նկատմամբ։ Նա աղջկան կրթություն տվեց, իսկ ավելի ուշ Լինա, որպես քարտուղարուհի, աշխատանքի անցավ բժշկի կլինիկայում։ Հերարդոն օգնեց նաև Լինայի որդուն ավագ դպրոց ընդունվել։

Ցավոք՝ նրա առաջին որդին վաղ մահացավ՝ 40 տարեկան հասակում։ Մահվան պատճառը ոսկրածուծի քաղցկեղն էր։ Նրա մահից մի քանի տարի առաջ Լինան ծնեց երկրորդ որդուն և ամուսնաավ Ռաուլ Հուրադո անունով մի տղամարդու հետ։ Վերջինիս մասին քիչ բան է հայտնի, ինչպես նաև երիտասարդ մայրիկի հետագա կյանքի մասին։ Լինան ամուսնու հետ ապրում էր Պերուի մայրաքաղաքի աղքատ թաղամասերից մեկում. սա է ամենը, ինչը հայտնի է նրանց մասին։

Կային կասկածներ, որ այս ողջ պատմությունը կեղծիք է, սակայն պահպանվել են Լինայի լուսանկարներն ու որոշ փաստաթղթեր։ Լինան երբեք հարցազրույցներ չի տվել ու մշտապես հրաժարվել է լրագրողների հետ հանդիպումներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել