Ինչպես և սպասվում էր, մեր Արտաքին գործերի նախարարությունը սկսեց նախօրեին Արցախի հանրապետությունում ՀՀ վարչապետի կողմից արված «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտության Ադրբեջանի կողմից շատ կանխատեսելի դիվանագիտական հետագա օգտագործման և շահարկման չեզոքացումը։
Կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել ԱԳՆ պաշտոնական հայտարարության հատկապես այս հատվածի վրա. «... Ադրբեջանի իշխանությունները, սակայն, հետևողականորեն չեն կարողացել փոխադարձել իրենց պատրաստակամությունը և կարողությունը՝ հասնելու բոլոր կողմերի համար ընդունելի կարգավորման:»։
Արդյո՞ք պարտադիր է այստեղ օգտագործել «բոլոր» բառը։ Այս մեկ բառը Հայաստանի Հանրապետությունը դարձնում է հակամարտության կողմ,
մինչդեռ Հայաստանին որպես կողմ ներկայացնելը մշտապես եղել է բանակցություններում Ադրբեջանի վեկտորի ներքո, և իրականում մենք հանդիսանում ենք երաշխավոր, այլ ոչ թե կողմ։
Ներկայացնելով Հայաստանը որպես հակամարտության կողմ, Ադրբեջանին կհաջողվի կտրուկ փոխել հակամարտության բուն էությունը՝ տեղափոխելով այն տարածքային վեճի դաշտ, և ոչ ազգերի ինքնորոշման։
Ի՞նչն է ստիպել մեր ԱԳՆ-ին օգտագործել այս բառը։ Ի՞նչու չէր կարելի պարզապես գրել «հասնելու կողմերի համար ընդունելի կարգավորման»։ Եվ հարցերս ամենևին էլ հռետորական չեն։
Դիվանագիտության մեջ ենթատեքստերն ու տողատակերը երբեմն ավելի կարևոր են բուն տեսքտից։
Ինչ վերաբերում է հայտարարության այս հատվածին՝ «...ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որևէ կենսունակ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար..», ապա արդեն մեկնաբանելն էլ եմ ավելորդ համարում։
Լրջանալու ժամանակն է, սիրելիներս։