Pastinfo.am-ը գրում է.

Որպեսզի Հայաստանի ՀՆԱ-ն 30 տարում ավելանա 15 անգամ, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, անհրաժեշտ է ապահովել միջին տարեկան 9-9,5 տոկոս տնտեսական աճ։ Թե դա որքանո՞վ է հնարավոր, ժամանակը ցույց կտա։ Բայց այն, ինչ ունենք այսօր հեռու է դրանից։

Որքան էլ իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը թռիչքային աճ էր խոստանում Հայաստանի տնտեսության համար, դա առայժմ տեսանելի չէ։ Իշխանափոխության առաջին տարում գրանցվեց ընդամենը 5,2 տոկոս աճ։ Ընդ որում, դրանում մեծ էր տարեսկզբին կամ մինչեւ իշխանափոխությունը արձանագրված բարձր աճի դերը։ Նույնիսկ այդ պարագայում աճի տեմպը 2,3 տոկոսով զիջեց նախորդ տարվա մակարդակը։

Այս տարվա առաջին կեսի զարգացումները եւս այնպիսին չեն, ինչպիսին ակնկալվում է առաջիկա 30 տարիների կտրվածքով։ Տնտեսական ակտիվությունը, որը սովորաբար ավելի ցածր է լինում, քան տնտեսական աճը, տարեսկզբի վեց ամիսներին կազմել է 6,5 տոկոս։ 
Եվ որ ավելի կարեւոր է, շարունակում է մտահոգիչ լինել աճի կառուցվածքը։ Առեւտրի եւ ծառայությունների աճերի վրա հեռանկարային տնտեսություն չեն կառուցում։

Թե ինչի՞ վրա է Նիկոլ Փաշինյանի հույսը, հայտնի չէ։ Նման հեռանկարային նպատակադրումներ անելու համար հարկավոր է տնտեսական զարգացման հեռանկարային ծրագիր։ Բայց իշխանափոխությունից գրեթե մեկ ու կես տարի հետո կառավարությունը չունի նույնիսկ տնտեսական զարգացման հայեցակարգ։

Իսկ առաջիկա հինգ տարիներին ակնկալվում է ապահովել ընդամենը միջին տարեկան 5 տոկոս տնտեսական աճ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել