15-րդ դարի կեսերին Եվրոպայի արևմտյան հատվածում ծվարած Պորտուգալական փոքրիկ թագավորությունը «հրաշքով» ու աննկատ դարձավ համաշխարհային օվկիանոսի տերն ու տիրակալը՝ նվաճելով գաղութներ, շուկաներ և նոր տեխնոլոգիաներ։ Իսկ ի՞նչ հրաշք էր ու արդյո՞ք աննկատ էր։
Պորտուգալիա պետության հաջողությանը նպաստեցին մի շարք բարեհաջող դասավորված գործոններ։
Առաջինը. Պորտուգալիայի քրիստոնյաների բազմադարյա ատելությունն էր մուսուլմանների հանդեպ և ցանկությունը՝ շարունակել նրանց դեմ պայքարը նույնիսկ այն բանից հետո, երբ վերջիններս արդեն դուրս էին շպրտվել բուն Պորտուգալիայի տարածքից։
Երկրորդ. պակաս կարևոր խթան չէր ցանկությունը հասնել ոսկու և համեմունքների աղբյուրներին, որոնց այդքան փափագում էին եվրոպացիները։
Սակայն պարզապես ցանկությունները չէին կարող իրենք իրենցով իրականություն դառնալ. դրանք պահանջում էին համապատասխան ռեսուրսներ։
Այդ պայմաններում այդպիսի ռեսուրս դարձան նավերն ու նավիգացիոն հմտությունները՝ երկու ոլորտ, որոնցում պորտուգալացիները շուրջ 50 տարի առաջ էին ողջ աշխարհից՝ տևական ժամանակ օվկիանոսը նվաճելու տարաբնույթ փորձերին հետևելու շնորհիվ։
Սակայն դա էլ բավական չէր. անհրաժեշտ էր մեկը, ով կկարողանար հասկանալ համաշխարհային միտումներն ու գործի գցել մեծ համակարգ։
Այս բոլոր ցանկություններն ու միջոցները իրար կարողացավ համադրել արքայազն Հենրի Նավագնացը (1394-1460թթ.)։
Նա պորտուգալական Սագրեշ քաղաքում հիմնադրեց նավիգացիոն դպրոց, ինքն իրեն շրջապատեց աշխարագրագետներով և աստղագետներով (բնականաբար այնտեղ էին նաև տարբեր ավանտյուրիստներ և սննկացած ազնվականներ)։ Դպրոցն ուներ երեք հիմնական ուղղություն՝ կապիտանների և նավատարների (լոցման) պատրաստություն, աֆրիկյան ափի երկայնքով գիտարշավների իրականացում և աստղագիտական ու օվկիանոսագիտական տեղեկատվության հավաքագրում։
Հենրիի ջանքերը առաջին 15 տարիների ընթացքում չէին պսակվում հաջողության. նոր տարածքներ նվաճելը անհնար էր, քանի որ նավերի ու նավագնացության տեխնոլոգիաները բավարար չէին հաղթահարելու Աֆրիկյան ափի դժվարությունները։ Աֆրիկա ուղարկված գիտարշավները տապալվում էին, սակայն չհաջողված ուղեգնացությունների արդյունքները արքայազն Հենրիի պնդմամբ հավաքվում ու վերլուծվում էին։
Երբ 1460թ. Հենրիխը մահացավ, պորտուգալական նավերն արդեն հաջողել էին հասնել այդքան ցանկալի Գվինեի ափեր և խիստ շահութաբեր առևտուր էին անում՝ փոխանակելով կտորներն ու երկաթից իրերը պղպեղի, ոսկու և ստրուկների հետ։
Աշխարհագրական հետազոտությունները վերածվեցին հաջող բիզնեսի։
Սա 50 տարվա հետևողական աշխատանքի արդյունք էր։ Պորտուգալացիները առաջ նավագնացության տեխնոլոգիաներով գերազանցեցին բոլորին ու սկսեցին նվաճել գաղութներ գլխավորապես այն բանի շնորհիվ, որ սիստեմատիկ կերպով հավաքում էին տվյալներ, անում էին փորձեր և վերլուծում էին նույնիսկ անհաջողությունների արդյունքները։ Օվկիանոսի հետախուզությունը հանդիսացավ Պորտուգալիայի ներդրումը ժամանակի գիտական հեղափոխության մեջ, որն արդեն այդ ժամանակ սկսել էր վերափոխել աշխարհը։