Անչափ ուրախացել եմ, որ Գյումրին ճանաչվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներից մեկը: Ուրախացել ու ոգևորվել եմ, որովհետև քաղաքային միապաղաղ կյանքի ռիթմը փոքր-ինչ կխախտվի, տարբեր կատարողական կոլեկտիվներ կգան, «Դուետ» թատերական փառատոնն այս քաղաք կբերի 18 թատերախմբի ու նախագծերի... Քաղաքում կերթևեկեն չինական ավտոբուսները, գյումրեցիներն իրենց հոգնած մարմինները կտեղավորեն գեղեցիկ նստարաններին, ու ավագները կհիշեն այն տարիները, երբ աշխատանքից բավարարված ու հոգնած՝ նստում էին նստարաններին, նայում փողոցներում անվերջ անցուդարձ անող մարդկանց... Հիմա կնստեն ու կկարոտեն անցորդների, հետո կգնան տուն ու կենթարկվեն ամենօրյա ծանրացող հոգսերի, մտատանջությունների արշավանքին... Հարևանի կինը կգա ու կասի, որ լույսն անջատել են, որովհետև չի կարողացել վարձը վճարել, մեկ ուրիշ հարազատ կզանգահարի ու կասի. «Զանգել եմ մնաս բարով ասելու... Ընտանիքով Կրասնոդար ենք մեկնում»... Եվ այս ամենի խորապատկերին կավերվեն-կոչնչանան մշակութային մայրաքաղաքի իրադարձությունները, շարժումը, ոգևորությունը... Կեսգիշերին քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված Մեծերի արձաններն իրար ձայն կտան, տխրամած-հոգնած կխոսեն դատարկվող քաղաքի, անվերջորեն բարձվող հոգսերի բեռների, ցավերի չպարպվող կծիկների մասին... Ու գուցե որոշեն՝ մի օր էլ իրենք հեռանան քաղաքից, որովհետև կենսախնդության ու հումորի քաղաքն այսօր վշտաբեկ պառավի է նմանվել՝ ձեռքերը խաչած կրծքին... Քաղաքին՝ Գյումրուն, փրկություն է պետք: Ոչ թե տարերային որոշումներով, ոտքի վրա արվող միջոցառումներով, այլ՝ խորքային, հայեցակարգային մոտեցումներով, պետական ծրագրով, համազգային մտահոգությամբ: Բոլորը՝ իշխանությունները, հանրային կառույցները, հասարակական կազմակերպությունները պիտի հասկանան, որ Գյումրին ինքը երկիրն է, Հայաստանն է, երկրի սահմանն է, Արևմտյան Հայաստանի հետ կապող օղակն է, ռազմավարական հզոր հանգրվանն է, ուստի չի կարելի կոսմետիկ լուծումներով, երբեմն նաև անտարբերությամբ անցնել այս քաղաքի կողքով՝ հոգ չտանելով նրա մասին: Կառավարությունը Դիլիջանի բիզնես դպրոցն ազատել է հարկերից, ներդրողների համար արտոնյալ պայմաններ է ստեղծել, այսինքն՝ հոգ է տարել, որ Դիլիջանում կյանք լինի, դիլիջանցին չհեռանա երկրից: Իհարկե, գիտենք ու հասկանում ենք, որ դիլիջանցիների գեղեցիկ աչքերի համար չի սա արվել, որ ոմանք իրենց շահերն ունեն: Բայց, հերն էլ անիծած, գոնե քաղաքի համար մի լավ բան է արվում: Իսկ ինչու՞ է կառավարությունը տորպեդահարում Գյումրում հարկային բեռի թեթևացման, ներդրողների համար արտոնություններ սահմանելու մասին առաջարկությունները, ինչու՞ է միտումնաբար ոչնչացնում քաղաքը՝ կամաց-կամաց դատարկելով այն: Բավական է մի հայտարարություն՝ ներդրողների համար արտոնյալ պայմանների ստեղծման մասին, և արտերկրում գտնվող շատ գյումրեցիներ կուզենան ներդրումներ անել, փրկել քաղաքը անխուսափելի ոչնչացումից: Կառավարությունն այս քայլին չի գնում՝ ակնհայտորեն կիրառելով երկակի ստանդարտներ: Ինչքա՜ն պետք է հայրենի իշխանություններին բացատրել, որ երկրի ապագան, նրա զարգացումը սերտակցված է հարկային արտոնություններին, ներդրողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Մենք ազգովի՝ մեր իշխանավոր այրերի հետ, դժգոհում ու բողոքում ենք, երբ համաշխարհային հանրությունը երկակի ստանդարտներ է կիրառում, բայց արդյո՞ք չենք տեսնում, որ նույն այդ երկակի ստանդարտների մեթոդաբանությունը որդեգրել են նաև մեր իշխանությունները՝ այսպես շատերին տանելով այն համոզման, որ Գյումրու վերջնական ավերումը դարձել է պետական քաղաքականություն, գուցեև որևէ մեկի կողմից տրված պատվեր... Ուրեմն, հայրենի իշխանավորներ, մի կողմ թողեք մեզ պատիվ չբերող խտրականությունն ու անտարբերությունը, յուրատեսակ մեծապետականությունը, վերջապես հավաքվեք ու մտածեք Գյումրու մասին, մի քաղաքի, որը կարող է ապահովել ՀՆԱ-ի մոտ 45 տոկոսը, դառնալ տարածաշրջանային առևտրի և արդյունաբերության խոշոր կենտրոն: Այս ամենի համար շատ բան պետք չէ՝ ընդամենը հարկավոր է մի քիչ հայ լինել ու մի քիչ՝ հայաստանցի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել