Աշխարհում հունիսի 26-ը համարվում է Խոշտանգումների դեմ պայքարի միջազգային օր: Օրվան նվիրված` այսօր տեղի ունեցավ «Խոշտանգումներից զերծ մնալու և վերականգնման իրավունք-2013» խորագրով համաժողովը, որի ընթացքում իրավական և պետական ոլորտի աշխատակիցները խոսեցին խոշտանգումների, ՀՀ-ում դրա դեմ տարվող պայքարի մասին:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի իրավաբան Տաթևիկ Ղարիբյանի մեկնաբանությամբ` խոշտանգումների վերաբերյալ օրենքով հաստատված 119-րդ հոդվածը բացեր ունի և պետք է լրացումներ կատարել: Օրենքով սահմանված է, որ խոշտանգումը քրեորեն պատժելի երևույթ է, սակայն կան օրենսդրական և ենթաօրենսդրական ակտեր:
Խոսելով խոշտանգումների ենթարկված մարդկանց մասին` նա ասաց, որ նման անձինք հիմնականում դատարանում են բարձրաձայնում այդ մասին, սակայն դատավորներն այնքան էլ ուշադրություն չեն դարձնում այդ փաստերի վրա. «Մենք դատավորներին և դատախազներին կոչ ենք անում հետևողական լինել, քանի որ խոշտանգման ենթարկված մարդիկ վախենում են: Առաջարկում ենք զոհերի համար ապահովել անվտանգություն»:
Իրավաբանն ասաց, որ խոշտանգման հետևանքների վերականգնման անքակտելի իրավունք կա, որին ևս պետք է ուշադրություն դարձնել և օրենքի դրույթը կյանքի կոչել:
ՀՀ ոստիկանության վերլուծական վարչության պետի տեղակալ, ինֆորմացիայի վերլուծության պլանավորման և հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հակոբ Պետրոսյանն էլ իր խոսքում նշեց, որ այս քննարկումներն իրենց դրական ազդեցությունը ունեն մեր երկրում այս խնդիրները կանոնակարգելու առումով: Նա նշեց, որ արժանապատվությունը նվաստացնող դեպքերի մասին կարելի է բարձրաձայնել ինչպես ձերբակալման վայրերում, այնպես էլ դատավարության ընթացքում. «Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի և խոշտանգման փաստերով դեպքերը մշտապես գտնվել են ոստիկանության ուշադրության կենտրոնում»:
Բանախոսն ասաց, որ 2010-2012թթ. ոստիկանական հիմնարկներում գրանցվել է 39 դեպք, 37 ոստիկանության ծառայողներ կարգապահական տույժի են ենթարկվել, 6 դեպքերի քրեական գործի հարուցումը մերժվել է:
Պրն Պետրոսյանի խոսքով՝ խոշտանգումների դեպքերը բացահայտելու նպատակով սերտորեն համագործակցում են ՀՀ ոստիկանությունը և Հատուկ քննչական ծառայությունը:
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը: Նրա մեկնաբանությամբ` խոշտանգումների դեպքերի բացահայտման համար առավել շահագրգռված է դատախազությունը, որպեսզի դատավորները կարողանան օբյեկտիվ որոշում կայացնել:



