«Պարկեշտ մարդու խոստումը դառնում է պարտավորություն»
Հին հունական իմաստություն

Նիկոլ Փաշինյանն օրերս հպարտորեն ազդարարեց․ «Հեղափոխությունից առաջ խոստացել էի, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով: Եւ ահա, 2019 առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25.1%-ով»։

Թվում է՝ պետք է համընդհանուր ցնծություն լիներ այս առիթով, բայց հակառակն է՝ «չար ու նախանձները» հերթով հիշեցնում են այն հարյուրավոր խոստումները, որոնք կյանքի չեն կոչվել, ու անգամ ծրագիր ու ճանապարհային քարտեզ չկա, թե երբ կյանքի կկոչվեն, իսկ այս պարագայում որոշ ժամանակ անց դրանք արդեն դասակարգվում են «ստախոսություն» հոդվածի տակ։ Լա՜վ, մի՞թե հնարավոր չէ իշխանափոխությունից ավելի քան մեկ տարի անց գիծը քաշել ու առաջ անցնել։ Ինչպե՞ս կարող ես դեստրուկտիվ ընդդիմադիր եղած ժամանակվա ափռ-ցըփռ շաղ տված մտքերիցդ մի դրվագ վերցնես ու ասես՝ տեսե՜ք, ես ճիշտ եմ, ու չմտածես, որ հարյուրն էլ մյուսներն աչքդ կխոթեն։ Կարո՞ղ է հասարակությունն ըմբռնումով մոտենալ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի՝ իրականությունից կտրված հայտարարություններին։ Այո՛, ինչու չէ, կասեն՝ մարդը հեռու էր պետական կառավարումից, չէր տիրապետում պետական գաղտնիքներին, ուստի չէր կարող օբյեկտիվ և սուբյեկտիվ սխալների ու թերացումների ազդեցությունը մեր կյանքի վրա կշռել։ Բայց դրան խանգարում է մի բան․ Փաշինյանը ցանկանում է մեզ ապացուցել, որ ժամանակին այն, ինչ ասել է, ճիշտ է դուրս եկել, էլ այդ մարդու սխալներին ինչպե՞ս ըմբռնումով մոտենաս։ 

Անգամ կիրթ ու պրոֆեսիոնալ որակներով դրականորեն աչքի ընկած Բարաք Օբաման նախընտական փուլում ընտրողների աչքն էր մտցնում, թե սա ի՞նչ խայտառակություն է՝ ԱՄՆ-ը Կուբայում, Գուանտանամոյի ռազմաբազայի բանտում մարդկանց անօրինական պահում է, կտտանքների ենթարկում, ու խոստանում էր, որ, գալով իշխանության, անմիջապես փակելու է այդ բանտը։ Բայց դարձավ ԱՄՆ նախագահ, ծանոթացավ իրական վիճակին ու շտապեց հասարակությանը տեղեկացնել, թե՝ հո լուրջ չե՞ք ընդունել նախընտրական կրակոտ խոստումս, Գուանտանամոյի բանտը չի փակվելու։ Իսկ հասարակությունը դրա համար Օբամային բզիկ-բզիկ չարեց՝ ըմբռնումով մոտենալով, որ նախընտրական անիրագործելի խոստումները ոչ միայն ստախոսության արդյունք են, այլև՝ անտեղյակության։ 

Փաշինյանը դեռ չի հասկացել, որ եթե մի հարցի պատասխանն ունի ու շտապում է «լայվ» մտնել ու իրեն քննադատողների «պորտը տեղը դնել», երբ անգամ այդ հարցը վարչապետի մեկնաբանման տրամաչափի չէ, ապա այն բազմաթիվ հարցերի պատասխանները, որ ինքը չունի, ողողելու են լրատվական ու համացանցային ողջ տիրույթը։ Երբ երկրում դեպի դրականը ոչինչ չի փոխվում, ու փոխվելու ծրագրից գաղափար անգամ չունենք, տո, մենք «ջհանդամը», գոնե իմանայինք, որ իշխանավորները գաղափար ունեն, ապա չես կարող անցյալը հիշեցնելու մենաշնորհը քեզ վերապահել։

Իսկ եթե անդրադառնանք Փաշինյանի այն կարծիքին, թե քանի տեղի չի ունեցել տնտեսական հեղափոխություն, հեղափոխությունը կարելի է համարել ձախողված, սա էլ գործից անտեղյակի ձևակերպում է։ Տնտեսության մեջ պետք է լինեն հեղափոխական ու թռիչքային զարգացման գաղափարներ, բայց դրանք պետք է կյանքի կոչել էվոլյուցիոն, կանխատեսելի, կշռադատված քայլերով։ Իսկ եթե տնտեսական քաղաքականության մեջ համալիր ծրագիր չենք տեսնում, ու բյուջեի մուտքերն ավելանում են ընդամենը հարկային վարչարարության հաշվին, քանի որ ներդրումները պակասել են, աշխատատեղերը՝ կրճատվել, նշանակում է՝ շատ չանցած, եթե լուրջ քայլեր չարվեն տնտեսության զարգացման ուղղությամբ, այս աճը հակառակ էֆեկտ է ունենալու, քանի որ կստացվի, որ տնտեսվարողի համար բարենպաստ բիզնես միջավայր չի ստեղծվել, այլ նրա «կաշին են քերթել», ինչի արդյունքում արդեն անկում ենք ունենալու ու կապիտալի արտահոսք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել