ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հասկանում է կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի բողոքի ակցիայի դուրս եկած՝ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին և նշեց, որ պետք է ելք գտնել՝ նրանց խնդիրները լուծելու համար։

«Մենք ունենք այս պահի դրությամբ այն, ինչ ունենք։ Այդ մարդկանց ես հասկանում եմ, զավակ են կորցրել, և պետք է ելք գտնել, ինչը բավականին դժվար է։ Բայց մյուս կողմից պետք է նայել, աշխարհում շատուշատ հայտնի գործեր չեն բացահայտվել»,- ասաց նա։

Հրայր Թովմասյանը նշեց, որ ինքը մտադրություն չունի դրանով ասել, թե գործերը չեն բացահայտվելու։ «Ես հիմա չեմ ուզում ասել, որ այս գործերը չեն բացահայտվելու, բայց պիտի ամեն ինչ անել, որ ծնողների մոտ չմնա այն կասկածը, թե ինչ-որ բան այնպես չէ, որովհետև ծնողի մոտ կասկած կա, որ ինչ-որ բան կոծկեցին, ինչ-որ բան արեցին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դա պետության գլխավոր խնդրն է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել