Հաշվի առնելով այն, որ Երևանում գոյացած աղբակույտերը դարձել են լրջագույն խնդիր Երևանի համար, ուշադիր հետևեցի «Սանիթեք»-ի ղեկավարի ասուլիսին: Ստացվում է.

1. Ըստ «Սանիթեք»-ի՝ իրենց ընկերության դեմ հարուցվել է անօրինական քրեական գործ, որի նպատակը քաղաքական ճնշումների միջոցով ընկերությանը շուկայից դուրս մղելն է և «Սանիթեք»-ի սեփականությունը բռնագանձելը:

2. «Սանիթեք»-ը չունի որևէ կապ նախորդ իշխանությունների կամ քաղաքական այլ ուժերի հետ:

3. «Սանիթեք»-ը պատրաստակամություն է հայտնել նոր ներդրումներ անելու և գնելու նոր աղբատար մեքենաներ երեք պայմանով՝ քաղաքապետարանը վստահեցնում է բանկին, որ ոչ մի դեպքում չի չեղարկելու պայմանագիրը, քաղաքապետարանն ինչ-որ կերպ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ընկերությանը, քաղաքապետարանը պարտավորվում է հիմնովին վերանորոգել Նուբարաշենի աղբավայրը: Քաղաքապետարանը չի պատասխանել իրենց պայմաններին:

Դրանից հետո քաղաքապետարանի հետ կապը ընդհատվել է: «Սանիթեք»-ի ղեկավարն ասում է, որ մի օր մեդիայից տեղեկացել են, որ քաղաքապետարանը պատրաստվում է դիմել կառավարությանը՝ թույլ տալու իրականացնել մեկ անձից գնում և հիմնել ընկերություն, չնայած որ «Սանիթեք»-ը քաղաքապետարանի հետ բանակցությունների մեջ է եղել այդ փուլում և նշել է, որ խնդիրը կրիտիկական վիճակի կհասնի, եթե համապարփակ քայլեր չարվեն:

4. «Սանիթեք»-ը քայլեր է ձեռնարկել բանակցությունները վերսկսելու համար, անգամ նամակ է ուղարկվել վարչապետի գրասենյակ, բայց դրանք մնացել են անպատասխան, նամակները հասցեագրվել են քաղաքապետարանին։

Փաստացի, «Սանիթեք»-ի ղեկավարության հայտնած տեղեկություններից կարելի է եզրահանգել․

1. «Սանիթեք»-ը ստում է։ Եթե այդպես է, ապա Երևանի քաղաքապետարանը պետք է հիմնավոր փաստեր ներկայացնի, որ դա այդպես է և պատասխանատվության ենթարկի «Սանիթեք»-ին:

2. «Սանիթեք»-ը ճիշտ է ասում։ Եթե այդպես է, ապա կառավարությունը պետք է միջամտի և Երևանի քաղաքապետին պատասխանատվության ենթարկի՝ աղբահանության նման կարևորագույն հարցին անփույթ ու մատների արանքով նայելու մոտեցման համար, ձեռնարկվեն քայլեր ընկերության հետ պայմանավորվելու և նորմալ աղբահանություն կազմակերպելու համար:

Հ.Գ. Ընդհանուր առմամբ, Երևանի որևէ բնակչի, ով վճարում է աղբահանություն իրականացնելու համար, չի հետաքրքրում ու չպիտի հետաքրքրեն այս ամբողջ մանրամասները։ Կա փաստ, որ աղբը չի հավաքվում, իսկ աղբահանության պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է, հետևաբար, հենց վերջինիս խնդիրն է այն ընկերության հետ, որի հետ պայմանագիր ունի, պայմանավորվելն ու համաձայնության գալը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել