Pastinfo.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանն այսօր ստացել է ԱԱԾ-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ փաստաբան Գեորգի Մելիքյանից, ով պնդեց, որ այն միանշանակ բողոքարկվելու է։ Վերջինս նաև հավելեց, որ քննիչի նկատմամբ նույնպես քրեական գործ պետք է հարուցվի։

«Մենք այդ պահանջը ներկայացնելու ենք և դա իրավաչափ պահանջ է։ Ակնկալում ենք, որ քննիչի նկատմամբ քրեական գործ կհարուցվի, քանի որ դա նաև արձանագրել է ԲԴԽ-ն և կոնկրետ այդ խախտումը։ Դա ոչ միայն իրենից խախտում է ներկայացնում, այլև հանցավոր արարքի ուղղակի դրսևորում», - ասաց Գեորգի Մելիքյանը։

Վերաքննիչ դատարան է բողոքարկվել նաև Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը թույլատրելու մասին դատարանի որոշումը։ 
Փաստաբանտը, անդրադառնալով երեկ մամուլում տարածված տեղեկատվությանը, որի համաձայն՝ Դավիթ Գրիգորյանի համակարգիչներն ու կրիչները հանձնվել են փորձագետներին, ասաց, որ դա առգրավումից հետո տրամաբանական շարունակական գործողություն է. «Այո փորձաքննություններ են նշանակված և ընթացքի մեջ են գտնվում»։

Հիշեցնենք, որ Դավիը Գրիգորյանն այն դատավորն է, որը մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, որպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։

Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել