Նիդեռլանդներում նոր օրենք է ուժի մեջ մտել, որն արգելում է հասարակական տրանսպորտում, դպրոցներում և հիվանդանոցներում դեմքը ծածկող հագուստ կրել, այդ թվում՝ փարանջա և նիքաբ։

Արգելքը տարածվում է պահպանողական մահմեդական կանանց վրա, որոնք աշխատում են կառավարական կառույցներում, գրադարաններում, առողջապահական կամ կրթական հաստատություններում։ Սակայն օրենքը կարող է չկիրառվել գործնականում, քանի որ ոստիկանությունն ու տրանսպորտային ընկերությունները հայտնել են, որ չեն պատկերացնում, թե ինչպես է հնարավոր հետևել դրա իրագործմանը։

Պետական գործիչները ևս հայտնել են, որ իշխանությունները չէին ցանկանա կանանց ոստիկանության բաժանմունքներ ուղարկել՝ տուգանելու համար։

Նիդեռլանդները, երկար ժամանակ լինելով հանդուրժողականության և կրոնական ազատության հենակետ, վերջին եվրոպական երկիրն է, որ նման արգելք է մտցրել Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, Ավստրիայից ու Դանիայից հետո։

Մահմեդական և իրավապաշտպան կազմակերպությունները անհամաձայնություն են հայտնել օրենքի նկատմամբ, որը կոչվում է «դեմքի հագուստի մասնակի արգելք», իսկ Ռոտերդամում իսլամական քաղաքական կուսակցությունը հայտնել է, որ 150 եվրո տուգանք կվճարի յուրաքանչյուրի փոխարեն, ում կբռնեն այդ օրենքը խախտելու համար։

Առաջին օրն առավոտյան խախտման վերաբերյալ ոչ մի հաղորդում չի գրանցվել։ Հասարակական տրանսպորտի կամակերպության նախագահը ևս հայտնել է, որ ավտոբուսների վարորդներն ու գնացքների ուղեկցորդները չունեն ոչ մի միջոց արգելքի պահպանումն ապահովելու համար։

Տրանսպորտի աշխատակիցներին հորդորել են թույլ տալ դիմակներով, փարանջաներով և նիքաբներով ծածկված մարդկանց մուտքը ավտոբուսներ, տրամվայներ և գնացքներ, սակայն այդ մասին հայտնի պահել ոստիկանությանը։ Պեդրո Պետերսը՝ RET տրանսպորտային ցանցի ներկայացուցիչը, հայտնել է, որ օրենքը չի գործում.

«Ոստիկանությունից մեզ ասել են, որ արգելքը առաջնահերթություն չի հանդիսանում, այդ իսկ պատճառով նրանք չեն կարող մեզ պատասխանել հետագա 30 րոպեների ընթացքում։ Դա նշանակում է, որ եթե դեմքը ծածկված մարդիկ խնդիրներ ունենան մեր ծառայություններից օգտվելու դեպքում, ապա մենք չենք իմանա ինչ անել. չէ՞ որ վարորդներն ու աշխատակիցները իրավասու չեն օրենքը կիրառելու և մարդկանց տուգանելու»։

Իսլամի դեմ պայքարող օրենսդիր Գերտ Վիլդերսը, ում առաջարկը՝ ամբողջապես արգելել փարանջայի կրումը, տասը տարուց ավելի քննարկման առիթ է հանդիսանում, ողջունել է այս միտքը և օրենքի ընդունման օրը համարել «պատմական»։

Նիդեռլանդների կառավարությունը վստահեցնում է, որ մասնակի արգելքն ուղղված չէ ինչ-որ առանձին կրոնի դեմ, և որ մարդիկ կարող են ազատորեն հագնվել այնպես, ինչպես կամենում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել