Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը լրագրողներին ներկայացրեց «Վարձք» հանդեսի հերթական՝ 8-րդ համարը: Իններորդը լույս կտեսնի մոտ մեկ ամսից: Այս համարում երեք նյութ է ընդգրկվել: «Էջեր իմ օրագրից» վերնագրված թեման նվիրված է Սարգիս Իսրայելյանին: Ընդամենը քսան տարեկան տղան փորձում է հայկական վճարովի դպրոց հիմնել Հադրութի Տող գյուղում՝ այն դեպքում, երբ այնտեղ գործում էր ցարական անվճար դպրոց: Քսանամյա երիտասարդը կարողանում է համոզել, ապացուցել գյուղացիներին հայկական դպրոցի անհրաժեշտությունը, և գյուղացիներն իրենց երեխաներին հանում են ռուսական դպրոցից ու տեղափոխում հայկական դպրոց:
«Վիմագրերը Մատենադարանի ձեռագրերում» վերնագրի ներքո էլ Մատենադարանի գիտաշխատող Արմեն Տեր-Ստեփանյանի տարիների ուսումնասիրություններն են:
Երրորդը գրախոսություն և քննադատություն է՝ նվիրված «Վրաստանի մոնոֆիզիտ հուշարձանները» աշխատությանը, որը հեղինակել են Գեորգի Գագոշիձեն և Նաթիա Չանթլաձեն: Եվ որ ամենակարեւորն է՝ այս գիրքը խմբագրել են հայտնի հայագետներ Զազա Ալեքսիձեն և Դմիտրի Թումանիշվիլին: Հուշարձանագետի խոսքով՝ սա որևէ գիտական կշիռ չունեցող աշխատություն է: Նա կասկածում է, որ վերոնշյալ անձինք կարող էին խմբագրած լինել այս գիրքը, քանի որ նրանք մեծ հայագետներ են: «Զազա Ալեքսիձեն բանակ է աճեցրել: Հայագետների բանակ կա՝ վրացի»,- նշեց Սամվել Կարապետյանը: «Վարձք»-ում Սամվել Կարապետյանը նշում է, որ աշխատության հեղինակները պարզապես հետապնդել են ներկայիս Վրաստանի կազմում գտնվող պատմական Հայաստանի Գուգարք նահանգում պահպանված հայկական մեծաթիվ հուշարձանները յուրացնելու խնդիրը:
«Ի սկզբանե միտում կա երկիրը չկոչել այնպես, ինչպես կա: Վրացիներն այս գրքով ներկայացրել են հայկական հուշարձաններ և ամեն տեղ նշում են, որ, ճիշտ է, վիմագրերն ու արձանագրությունները հայերեն են, բայց դրանք վրացիներինն են: Դրանք իբր մկրտվել են Հայ առաքելական եկեղեցու կողմից, բայց վրացիներն են կառուցողները»,- ասաց Սամվել Կարապետյանը: Հուշարձանագետը օսմանյան քարտեզներում ևս պատմական տարածքների անունները խեղաթյուրելու միտում է նկատում: Նույնն անում են նաև վրացիները:
Հիշեցնենք, որ «Վարձք» կիսամյա հանդեսը հրատարակվում է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ՀԿ-ի կողմից՝ փոքրածավալ գիտական ուսումնասիրությունները տպագրելու և շրջանառության մեջ դնելու համար:



