Իրանը կշարունակի կրճատել միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունները, եթե եվրոպական երաշխիքներ չստանա ամերիկյան պատժամիջոցներից: Այդ մասին հուլիսի 31-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Մենք ձեռնամուխ կլինենք միջուկային գործարքով նախատեսված մեր պարտավորությունների կրճատման երրորդ փուլին, եթե եվրոպական երկրներն ԱՄՆ-ի պատժամիջոցներից պաշտպանության երաշխիքներ չտրամադրեն մեզ»,- Զարիֆի խոսքը մեջբերել է Mehr գործակալությունը: Նա հավելել է, որ «առայժմ եվրոպացիների կողմից ձեռնարկված միջոցները բացարձակապես չեն համապատասխանում նրանց խոստումներին»:

Առավել կարևոր քայլերի թվում իրանցի նախարարը նշել է INSTEX ֆինանսական մեխանիզմի ամբողջական գործարկումը, որը «չպետք է կախված լինի ԱՄՆ-ի հավանությունից և ենթարկվի նրա ազդեցությանը»: Զարիֆի խոսքով՝ այդ համակարգը պետք է Թեհրանին հնարավորություն ընձեռի փող ստանալու նավթի վաճառքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել