ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Ագարակ-Ոսկեվազ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած դանակահարությունը. մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2019թ. հուլիսի 30-ին՝ ժամը 17:45-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք, եզրային պնևմոթորաքսի ձևով մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչ՝ ծնված 1988 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 1988թ. ծնված տղամարդը ճանաչվել է տուժող:

Նախնական տվյալներով՝ տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 39-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 31-ամյա համագյուղացուն՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն մարզի բնակիչ է՝ ծնված 1979թ.: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացու առողջությանը դիտավորությամբ  ծանր վնաս պատճառելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել է դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, կատարվել հարցաքննություններ: Մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան բաժնին՝ հանցագործության գործիք հանդիսացած դանակի և միջադեպին ականատես անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել