Pastinfo.am-ը գրում է.

Հայաստանի պետական պարտքը չնայած շարունակում է ավելանալ, այնուհանդերձ աճի տեմպը այս տարի դանդաղել է։ Տարվա առաջին կեսին այն համալրվել է ընդամենը 11 մլն դոլարով` նախորդ տարվա վերջի շուրջ 6 մլրդ 923 միլիոնից հասնելով 6 մլրդ 934 մլն դոլարի։

Պետական պարտքը ավելացել է բացառապես կառավարության պարտավորությունների հաշվին։ Փոխարենը` Կենտրոնական բանկի պարտքը տարեսկզբի վեց ամիսներին գրեթե 25 միլիոնով նվազել է` կազմելով 525 մլն դոլար։

Կառավարության նոր պարտավորությունները գոյացել են գերազանցապես ներքին պարտքի գծով։ Առաջին կիսամյակում ներքին տնտեսական միջավայրից ներգրավված ֆինանսական միջոցներն աճել են 88 մլն դոլարով։ Այժմ արդեն դրանք հասնում են շուրջ 1 մլրդ 478 մլն դոլարի։

Միջազգային ֆինանսական կազմակերպությունների և դոնոր երկրների նկատմամբ կառավարության պարտքը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 4 մլրդ 931 մլն դոլար։ Այն նվազել է գրեթե 53 մլն դոլարով. արտաքին վարկերի և փոխառությունների գծով պարտավորությունները կրճատվել են 27 մլն դոլարով, ևս 25 միլիոնով պակասել է եվրոպարտատոմսերի թողարկման գծով ներգրավված պարտքը։

Թե ո՞րքանով է նպատակահարմար արտաքին պարտքի նվազման դիմաց ներքին պարտքի ավելացումը, այլ է հարց է։ Փաստն այն է, որ ներքին պարտքի սպասարկումը շատ ավելի թանկ է, քան արտաքինը։ Բայց դա չի խանգարում, որպեսզի կառավարությունը նախապատվությունը տա առաջինին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել