168.am-ը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատեց որպես Դավիթ Գրիգորյանի պաշտպան ներգրավված փաստաբան Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածը պաշտոնեական կեղծիքին է վերաբերում, իսկ այդ հոդվածի 1-ին մասն ասում է.

«Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

«Դավիթ Գրիգորյանը, բնականաբար, իրեն մեղավոր չճանաչեց առաջադրված մեղադրանքում, հայտարարեց, որ մեղադրանքի տեքստում անգամ հանցակազմի հատկանիշ պարունակող որևէ հանգամանք նկարագրված չէ: Բացի այդ, նշեց, որ ակնհայտ է, որ այս ամենն ուղղակի կապ ունի իր կողմից մեկ այլ քրեական գործով կայացրած երկու որոշումների հետ, և հաշվի առնելով այս ամենը` հրաժարվել է ցուցմունք տալ: Ցուցմունք տալու իմաստը չենք տեսնում պարզապես. չեմ կարծում, որ ինչ-որ մեկին դրանք հետաքրքիր են»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Մեր հարցին, թե ի՞նչ խափանման միջոց է ընտրված Դավիթ Գրիգորյանի նկատմամբ, պաշտպանը պատասխանեց, որ որևէ տեսակի խափանման միջոց առհասարակ չի ընտրվել. դա օրենքով նախատեսված իրավիճակ է:

Անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի այն հայտարարությանը, թե՝ «Երբ միջնորդություն են ներկայացնում ԲԴԽ՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ, ԲԴԽ-ն հանդես է գալիս՝ որպես դատարան: Այսինքն` գլխավոր դատախազը կամ նրա բացակայության դեպքում պաշտոնակատարը գալիս և ներկայացնում է նյութեր ու ապացույցներ, որոնց հիման վրա ԲԴԽ-ն` որպես դատարան, քննում է այդ հարցը: Այսօրվա քննադատությունները և ծափահարությունները, որոնք հնչում են ԲԴԽ-ի հասցեին, չեմ ընդունում, քանի որ ոչ ոք չի կարդացել կասեցման որոշումը», Երվանդ Վարոսյանն ասաց, որ կարդացել են ԲԴԽ-ի կողմից կայացված կասեցման որոշումն ու այն անհիմն են համարում:

«Կա ակնհայտ մի ճշմարտություն: Երբ ներկայացված միջնորդությունից իսկ բխում է, որ նկարագրվածը հանցագործություն չի կարող համարվել, ապա ԲԴԽ-ն, որ բաղկացած է իրավաբաններից, չի կարող որևէ պարագայում այն բավարարել: Բացի այդ, որոշում կայացնելիս ԲԴԽ անդամների ձեռքի տակ եղել են փաստական հանգամանքներ, մասնավորապես` տեղի ունեցած խուզարկության արձանագրությունը, որին ծանոթանալով` իրենք չէին կարող չհամոզվել, որ այս ամբողջ գործընթացն ուղղակիորեն է կապված Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի հետ: Այդ արձանագրությունից ակնհայտ է դառնում, որ նախաքննական մարմինը Գրիգորյանի և նրա աշխատակազմի անդամների աշխատասենյակներից առգրավում է հատկապես այն թղթապանակներն ու էլեկտրոնային կրիչները, որ ուղղակի վերաբերում են Քոչարյանի գործին կամ դրա մաս են կազմում»,- հայտարարեց Երվանդ Վարոսյանը:

Մեր խնդրանքին` մեկնաբանել ԲԴԽ երեկ տարածած հայտարարությունը, որում մասնավորապես նշվում էր, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունն ընթացել է քրեադատավարական ընթացակարգերի խախտումներով, բայց միևնույն ժամանակ՝ ոչ մի խոսք չկար այն մասին, որ վերջինիս աշխատասենյակից առգրավվել են բոլորովին էլ ոչ քրօրի 314-րդ հոդվածի հատկանիշներին վերաբերող նյութեր, Երվանդ Վարոսյանն ասաց, որ ԲԴԽ հայտարարությունը շատ թույլ էր, և այն ըստ էության հայտարարություն էր հայտարարության համար:

«Այդ հայտարարությունը նպատակ ուներ միայն այդ կառույցի կենդանության նշույլներ ցույց տալու: Այն քննչական գործողողությունը, որին վերաբերում էր հայտարարությունը, պարունակում էր քրեադատավարական նորմերի այնպիսի աղաղակող խախտումներ, որի պայմաններում կենտրոնանալ միայն աշխատասենյակը կնքելու դրվագի վրա, անթույլատրելի է»,- նշեց Դավիթ Գրիգորյանի պաշտպանը:

Հարցին, թե Դավիթ Գրիգորյանի պաշտպանական կողմն ի՞նչ է պատրաստվում անել այդ ապօրինությունների հարցով, արվե՞լ են արդյոք ինչ-որ քայլեր, գործողություններ, Երվանդ Վարոսյանը պատասխանեց` բնականաբար, գործողություններ արդեն իսկ կատարված են և կատարվելու են:

«Թե՛ խուզարկություն թույլ տալու որոշումը, թե՛ քննիչի` մեր գնահատմամբ՝ ապօրինի գործողությունները բողոքարկված են: Իրավական հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկվելու են Դավիթ Գրիգորյանի` արդեն իսկ խախտված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»,- եզրափակեց Երվանդ Վարոսյանը:

Ի դեպ, ավելի վաղ news.am-ի հետ զրույցում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, անդրադառնալով իր գործընկերոջ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցմանը, ասել էր, որ՝ «Բացառապես ներքին համոզմունքով առաջնորդվող և արդարադատություն իրականացնող, իր արտաքին և ներքին անկախությունն արժևորող ցանկացած դատավոր ևս պետք է կանգնի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին, սա իմ անձնական կարծիքն է` անկախ Դավիթ Գրիգորյանի հետ ունեցած բարեկամական կապից»` հավանաբար նկատի ունենալով իրենց քավոր-սանիկական հարաբերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել