«Եթե վիճակված լիներ ընտրել՝ ունենալ կառավարություն առանց թերթերի՞, թե՞ թերթեր առանց կառավարության, ապա ես առանց մտածելու կընտրեի երկրորդը»․ Թոմաս Ջեֆերսոն

Ամենաժողովրդավար երկրի համարում ունեցող ԱՄՆ-ում մամուլի ու ազատ խոսքի հանդեպ ունենք երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի հիշյալ մտքից մինչև գրող Ուոլտեր Լիպպմանի ցինիզմը․ «Մենք պետք է պաշտպանենք մեր քաղաքական հակառակորդների խոսքի ազատության իրավունքը, մեզ պետք է, չէ՞, իմանալ, թե ինչ են մտածում նրանք»։ Իսկ մեր երկրում այս դիապազոնում ոչ մի կերպ չեն կարողանում տեղավորվել մեր նորընտիր իշխանություններն ու նրանց ընտանիքի անդամները՝ փակե՛լ լրատվամիջոցները, լռեցնե՛լ ընդդիմախոսներին։

Նիկոլաե Չաուշևսկուի օրինակը մեր տասնյակ ընդդիմադիր գործիչներ են հնչեցրել ու այնպիսի շեշտադրումով, թե՝ տես հա, իրեն ու կնոջը փողոցում գնդակահարեցին, խելքներդ գլուխներդ հավաքեք, եթե չեք ցանկանում, որ նման ճակատագրի արժանանաք։ Ու ամենակրքոտ ձևով այդ մտքով հաթաթա էր տալիս երբեմնի կարկառուն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, մինչդեռ մեր նախկին նախագահների կանանց մասին լսե՞լ եք, որ նախագահական նստավայրի նկուղում, մաուզերը կողքները կախած, կտտանքների են ենթարկել իրենց ամուսինների քաղաքական հակառակորդներին: Բացի հասարակական տարբեր միջոցառումների իրենց մասնակցությունից ու աջակցությունից՝ ուրիշ ի՞նչ եք տեսել, որի համար նրանք պետք է կյանքով պատասխան տային: Վերջերս էլ վարչապետ Փաշինյանի կինն էր հանդիմանում, թե մեծահարուստների կանայք, իրենց ամուսինների կողքին գտնվելով, չեն տեսե՞լ, թե նրանք ինչեր են արել, եթե չեն կանխել, ուրեմն՝ պիտի մուծվեն իր մատնանշած հիմնադրամներին:

Ախր թե՛ 1995թ. Սահմանադրության մեջ, թե՛ 2005-ի ու 2015-ի փոփոխված տարբերակներում ամրագրված է, որ. «Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ»: Բայց պարզվում է՝ որոշ գործիչներ նրանցից պահանջում են ոչ միայն ցուցմունք, այլև ըմբոստանալ, ամուսնու ձեռքը բռնել, այլապես կարժանանան հայտնի ռումինացու բախտին: Իսկ կարո՞ղ են այդ գործիչները գեթ մի օրինակ բերել Երրորդ հանրապետության ողջ պատմությունից, որ օրվա իշխանավորներն իրենց ընդդիմախոսների կանանց նկատմամբ որևէ ճնշում են բանեցրել: Փաշինյանը փախուստի մեջ էր, հետագայում էլ՝ բանտում, իսկ նրա կինը ոչ միայն ղեկավարում էր նրա «Հայկական ժամանակ» օրաթերթը, այլև մշտապես տպագրում օրվա իշխանություններին իր ամուսնու ամենակրակոտ քննադատությունները։ Ու եթե մեր խրոխտ ընդդիմադիր Փաշինյանն ուզում էր հասարակությանը համոզել, որ նախկին իշխանություններն ավելի հանդուրժող էին, ավելի մարդկային, քան նրանց աթոռին հավակնողները, ապա կարող է համարել, որ դա իրեն հաջողվեց: Իսկ եթե ոմանց թվում է, թե հայ կնոջը հրապարակում գնդակահարելու հայ տղամարդու հոխորտանքը հասարակության աչքում դա հնչեցնողին բարձրացնում է, կարծում եմ՝ հակառակն է:

Պատմությունից գիտենք բազմաթիվ բռնապետերի մասին՝ տարբեր ճակատագրերի արժանացված, ուստի նախկին ընդդիմադիր Փաշինյանին հիշեցնենք, որ ղեկավարների կանայք, եթե անհարկի չմիջամտեն ամուսնու գործերին, չկատարեն ապօրինություններ, ապա իրենց չի սպառնա Չաուշևսկուի բախտը։ Հապա ինչո՞ւ է Աննա Հակոբյանը պատեհ-անպատեհ խառնվում իր ամուսնու գործերին, որոնք շատ հաճախ են անցնում օրինականության սահմանները․ հաթաթաներ գործարարների կանանց, տարբեր հանդիպումներ, որոնք նախատեսված չեն վարչապետի կնոջ կարգավիճակով, պետության հաշվին ուղևորություններ, իշխանական դիրքը չարաշահելու ակնհայտ քայլեր, գումարների «բռնահավաքագրում», հայտարարել, որ անգամ գողացված փողերի մի մասը կարող են մուծել Աննա Հակոբյանի հիմնադրամներին ու վստահ լինել, որ գողոնը հուսալի ձեռքերում է, մշտական հանդիմանանք լրատվամիջոցների հասցեին․․․

Համոզիչ չէ բացատրությունը, թե Աննա Հակոբյանը հեղափոխության «փայատեր» է, քանի որ մշտապես այդ օրերին ամուսնու կողքին էր, դրա համար էլ հիմա ակտիվ է։ Թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի կանայք իրենց ամուսինների կողքին են եղել ղարաբաղյան պատերազմի ժամանակ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի կինը ոչ միայն «փայատեր» էր հեղափոխության, այլ անգամ երաշխավորը, որ փլուզվող ԽՍՀՄ-ի պարագայում մեր երկրում իշխանության կգան կառավարելի հեղափոխականներ, ինչի համար տիկին Լյուդմիլան գործի էր դրել իր հրեական կապերը։ Բայց երբ մեր երեք նախագահներն անցել են իրենց պարտականությունների կատարմանը, նրանց կանայք հետ են քաշվել, ավելի շուտ՝ հանգիստ նստել են իրենց տեղերը։

Իսկ հիմա, ինչպես տեսնում ենք, երկիրն ընտանեկան կապալով կառավարելու գայթակղությանը չի դիմացել Փաշինյանի դուստրը՝ Մարիամը, ով առիթը բաց չի թողնում հորը քննադատողներին իր խոսքերով փռելու ասֆալտին ու ծեփելու պատին՝ ահաբեկելով, որ կարող է հարց առաջանալ քննադատողների ֆինանսավորման աղբյուրները ճշտելու։

Հիմա ի՞նչ, Չաուշևսկուի օրինակով ահաբեկողներին ահաբեկե՞նք, թե՞ ոնց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել