168.am-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը որքանո՞վ առնչություն ունի Արցախի հարցի հետ, նշեց, որ երբևէ դավադրությունների տեսության կողմնակից չի եղել և աշխատել է ներքին գործընթացները չկապել մեծ աշխարհաքաղաքական գործընթացների հետ։

«Սակայն սա այն դեպքն է, որին երևի թե իմաստ ունի որոշակի ուշադրություն դարձնել։ Նախագահ Քոչարյանն Արցախի հարցի կարգավորման գործընթացն ընդունել է այն վիճակում, երբ ունեինք վերջին՝ Լիսաբոնի փաստաթուղթը։ Այստեղ Հայաստանը, իհարկե, վետոյի իրավունք էր կիրառել, բայց պարզ էր, որ համաշխարհային հանրությունը տեսնում էր Արցախն Ադրբեջանի կազմում։ Քոչարյանը հարցի կարգավորումն ընդունել է այն շրջանում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով էր հանդես եկել և ըստ էության համոզում էր, որ մինչև Արցախը չտանք, լավ չենք ապրելու։ Վերջում, երբ Քոչարյանը հեռացել է նախագահի պաշտոնից. մենք ունեցել ենք Մադրիդյան փաստաթուղթը, որին Երևանը մինչև վերջ համաձայն չի եղել, սակայն այնտեղ ամրագրված է, որ Արցախի ապագան որոշվելու է իր բնակչության ազատ կամարտահայտման միջոցով»,- շեշտեց Վ. Սողոմոնյանը։

Նա ընդգծեց, որ չէր ցանկանա մտածել, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում, պատահական է։

Նրա խոսքով՝ երբ նախորդ տարի հուլիսի 3-ին ծանոթացել է Քոչարյանի գործով ՀՔԾ-ի հաղորդագրությանը, եկել է այն եզրակացության, որ տեքստն իրեն ծանոթ է, հասկացել է, որ այն նման է Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներին։

«Բացեցի այդ ելույթները, մասնավորապես՝ 2008 թվականի մայիսի, և տեսա բացարձակ նույն ձևակերպումները»,- նշեց Վ. Սողոմոնյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել