«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի կատարած ուսումնասիրությունը պարզել է, որ կրոնի թեման Հայաստանում քաղաքականացվում է, այս մասին այսօր, ներկայացնելով հետազոտության արդյունքները, ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը։
Նա նշեց, որ «Կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում» թեմայով հետազոտությունը բաղկացած է երեք մասից, և կոնկրետ Երևանի մամուլի ակումբը զբաղվել է լրատվամիջոցների մոնիտորինգով և ուսումնասիրել 300 օրվա հրապարակումներ:
Ըստ Բորիս Նավասարդյանի՝ հայկական լրատվամիջոցներում շատ կա կրոնական կազմակերպությունների վերաբերյալ ապատեղեկատվություն:
«Կրոնական թեման Հայաստանում քաղաքականացվում է, հիմնականում լրատվամիջոցներում նշվում է, թե կրոնական կազմակերպությունները վտանգում են մեր ինքնությունը, մեր շահը»,– ասաց նա։
Խոսելով ուսումնասիրության արդյունքում իրենց եզրակացության մասին՝ Բորիս Նավասարդյանն ավելացրեց, որ ըստ ուսումնասիրված հրապարակումների, կա ընկալում, որ «այլ կրոնների ներկայությունը մեր հասարակության մեջ կարող է խարխլել մեր ապագան»։
Հետազոտությունն իրականացվել է 2012թ.–ի օգոստոս–հոկտեմբեր ամիսներին ԵՊՀ դոցենտներ սոցիոլոգ Լուսինե Քարամյանի և կրոնագետ Հովհաննես Հովհաննիսյանի կողմից։ Այն բաղկացած է տեսական և գործնական մասերից։ Հետազոտությունն իրականացվել է ֆոկուս խմբերի, խորքային հարցազրույցների, փորձագիտական հարցումների մեթոդներով, որոնք կիրառվել են Երևանում, Գեղարքունիքի, Շիրակի ու Լոռու մարզերում։



