168.am-ը գրում է.

Հայաստանի քաղաքացիները, ովքեր Ճապոնիայից մեքենաներ են ներմուծում, ասում են՝ առաջիկայում լուրջ խնդիրներ են առաջանալու:

«Խոսակցություններ կան, որ շուտով ճապոնական աճուրդների կայքերը փակվելու են: Այս պահին դեռ չեն փակվել: Բոլորն էլ վաճառում են, ուղղակի ում մոտ ծանրաբեռնված է՝ զգուշացնում են, որ հնարավոր է՝ ուշ տեղ հասնեն մեքենաները:

Ընկերություններ կան, որ հաղորդագրություններ են գրում՝ նշելով, որ, եթե հիմա մեքենաներ ձեռք բերեք, հնարավոր է՝ հերթերի պատճառով ուշանան: Այսինքն, վաղը շատ մեծ խնդրի առջև կկանգնենք, ու չի բացառվում, որ նորից սահմանը կաթվածահար լինի:

Կարծում եմ՝ Կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մեքենա ներմուծողներից Դավիթ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ ևս մեկ խնդիր է առաջանալու. մարդիկ առանց աշխատանքի են մնալու:

«Մարդիկ շատ դժվար են կտրվում իրենց տարիների ստեղծած աշխատանքից:  Զբաղվածության խնդիրն էլ կա, մարդիկ գործազուրկ են դառնալու՝ սկսած ավտոներկրողներից, վերջացրած ավտոպահեստամասեր վաճառողներից ու մեքենաները լվացողներից»,- հավելեց Դավիթ Գասպարյանը:

Խնդիրն այն է, որ շատ հայ ավտոներկրողներ շտապում են մինչև 2020 թվականը ձեռք բերել ավտոմեքենաներ՝ Ճապոնիայից և ԱՄՆ-ից։ Իսկ դրանց մեծ քանակի պատճառով, եթե նախկինում, ընդհանուր առմամբ, երեք ամիս էր պահանջվում  Փոթիի նավահանգիստ հասնելու համար, ապա հիմա ավելի շատ ժամանակ է պետք՝ կուտակումներ են առաջացել:

«Այժմ ընկերությունները, որոնք զբաղվում են մեքենաների տեղափոխմամբ, մեզ զգուշացնում են, որ մեքնենան կարող է տեղ հասնել հունվար ամսին, դրա համար մի գնեք, բայց հենց թեթևանում է՝ ասում են, որ՝ կարող եք գնել: Բայց չեն արգելում, նման բան չկա: Կայքերն էլ չեն փակում»,- նկատեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ հունիսին ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը Մոսկվայում տեղի ունեցած Միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ բարձրացրել է ավտոմեքենաների ներմուծման վերաբերյալ Հայաստանի ունեցած արտոնության երկարաձգման հարցը: Արտոնության երկարաձգմանը, սակայն, դեմ են եղել՝ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ՝ Ղազախստանը, որտեղ օրենքի ուժով են պարտադրում ՀՀ-ից ներմուծված մեքենաները վերագրանցել Ղազախստանում, իսկ արտոնության երկարաձգման մասին ընդհանրապես լսել չեն ուզում:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական hանձնաժողովի նախագահի տեղակալ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ընդհանրապես չեն արձագանքել, պարզապես ի գիտություն են ընդունել:

«Մենք բարձրաձայնեցինք, որ կա այդ խնդիրը, որին պետք է լուծում տալ, բայց թե՛ ռուսական, թե՛ ղազախական կողմերն իրենց փաստարկներն ունեն: Նրանք բերում են այն փաստարկը, որ չեն կարող օգնել, քանի որ արդեն 5 տարով ընդառաջել էին: Կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում պետք է ներքին կարգավորումներ անենք, օրինակ՝ հրաժարվենք ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ), եթե այլ ռիսկեր չլինեն»,- նշել էր Փամբուխչյանը:

Ավտոներկրողներից հետաքրքրվել էինք, թե իրենց ձեռնտու կլինի՞, եթե, օրինակ, ավելացված արժեքի հարկից պետությունն ազատի իրենց:

«Չգիտենք, թե սա որքանով ձեռնտու կլինի: Հայտնի չէ, թե կոնկրետ ավելացված արժեքի հարկն այս նոր մաքսային հաշվարկներով  ընդհանուր գումարի քանի՞ տոկոսն է կազմում: Եթե 20-30 տոկոսն է, բնականաբար, շահավետ կլինի, և՛ գնորդին ձեռնտու կլինի, և՛ պետությանը»,- պատասխանել էին նրանք:

Նշենք, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) 2015 թվականի հունվարից: Քանի որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավելի էին Հայաստանում գործող դրույքաչափերից, Հայաստանն իր անդամակցության առաջին տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում:

Տարաժամկետումների զգալի մասը 5 տարով էր, և ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարից: Օրինակ, ավելանալու է թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափը:

Այժմ Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսազերծման համար սահմանին վճարվում է 0-20 տոկոս բնապահպանական վճար, 20 տոկոս Ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) և 10 տոկոս մաքսատուրք (հանրագումարում՝ 32-52 տոկոս):

ԵԱՏՄ-ի դրույքաչափերն ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ն ու բնապահպանական վճարը չեն փոխվի, բայց մաքսատուրքերն էապես կավելանան: Այս դեպքում ավտոմեքենաների համար մաքսատուրքի դրույքաչափերը կսահմանվեն՝ ըստ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և ըստ թողարկման տարեթվի: Արդյունքում՝ սահմանին կարող է վճարվել մաքսային արժեքի 500 տոկոսը՝ կախված տարբեր հանգամանքներից:

Զրոյական դրույքաչափ կկիրառվի միայն ԵԱՏՄ անդամ պետություններից մեքենաների ներմուծման դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել