Pastinfo.am-ը գրում է.

Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հայաստան չեկած մոտ 100 ՀՀ քաղաքացիները դեռ Հուրգադայում են և հստակ ինֆորմացիա չունեն, թե երբ կվերադառնան Հայաստան:

‹‹Վերադառնալու հետ կապված հստակ նորություն այս պահին չկա, մենք ամեն պահի հյուպատոսի հետ խոսում ենք, ասում են մեկ ժամ հետո հստակ ինֆորմացիա կլինի: Հնարավոր է այսօր Երևանի ժամանակով ժամը 5-ին թռիչքը լինի, բայց դա հստակ չէ››,-‹‹Փաստինֆո››-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացի Վարդան Այվազյանը, ով Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում մնացած քաղաքացիներից մեկն է:

Նա պատմեց, որ տուրօպերատորը դիմել է հյուպատոսին՝ իրենց սննդով և գիշերակացով ապահովելու համար, սակայն հյուպատոսարանը մերժել է, և իրենք այս պահին տուրօպերատորի հաշվին են գտնվում հյուրանոցում:

‹‹Իհարկե, շատ զզվելի պայմաններ են, բայց փողոցում մնալուց ավելի լավ է: Ինտերնետ միայն սպասասրահում կա, և առավոտյան 6-ից սպասասրահում նստած ենք, որպեսզի ամեն վայրկյան ինֆորմացիա կարողանանք ստանալ››,-ասաց քաղաքացին ու նշեց, որ անգամ հանգստանալու հնարավորություն չկա, քանի որ, եթե գնան սենյակ, հետ կմնան տեղի ունեցող իրադարձություններից:

Մեր զրուցակիցն ասաց, որ Հուրգադայում մնացած քաղաքացիներն իրենց խաբված և ստորացված են զգում:

‹‹Եգիպտացիները շատ հյուրընկալ ու բարեհամբյուր են, բայց մեզ խաբված ու ստորացված ենք զգում, բարոյապես ընկճված ենք: Կվերադառնանք Հայաստան և համապատասխան դատական պրոցեսներ կսկսենք››,-ասաց Հուրգադայում մնացած քաղաքացիներից մեկը:

Արդեն նյութը պատրաստել էր, երբ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն տարածեց, որ ուղևորներն այսօր՝ հուլիսի 26-ին՝ Եգիպտոսի ժամով 15․00, Հուրգադա-Երևան թիվ UJ 5600 չվերթով կմեկնեն Հայաստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել