Այ քեզ նորությո՜ւն. ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ Երևան քաղաքի կենտրոնի կառուցապատման և դրա հետևանքով պատմա-մշակութային հուշարձանների ոչնչացման գործընթացում Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անմիջական ներգրավվածության պարագայում շահերի բախման և նրա կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ իշխանազանցության դեպքերը բացահայտելու նպատակով:
Մասնավորապես, խոսքը գնում է հանրային ծառայողի համար արգելված (իսկ Նարեկ Սարգսյանը հանրային ծառայող է)՝ անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դրվագի մասին, որովհետև ինչպես հաղորդվել է դիմումում, Ն.Սարգսյանի օրոք և նրա անմիջական մասնակցությամբ սկիզբ է դրվել Երևանի կենտրոնի խոշորածավալ կառուցապատմանը, որի շինարարական-նախագծային աշխատանքներում ներգրավված է նրան պատկանող ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊ ընկերությունը: Մասնավորապես, նշված ըներությունն է նախագծել նաև Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերակցության (ԱՕԿՍ) շենքի և դրան հարակից տարածքում կառուցվելիք հյուրանոցային համալիրը, ինչը նշանակում է, որ քանդման վտանգի տակ են հիշյալ շենքը և դրան հարակից տարածքը, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ համարվում են հանրապետական նշանակության հուշարձաններ:
Ի՞նչ է սա, մի՞թե պատրաստվում են Երևանի փոքր կենտրոնի տեսքի հերն անիծողին վերջապես մատաղ անեն, թե՞ սա հերթական բլեֆն է: Չգիտեմ, թերևս ժամանակը ցույց կտա, բայց մի բան հաստատ է. Նարեկ Սարգսյանի անունը` որպես Երևանի տեսքն ապականելու համար գլխավոր պատասխանատուներից մեկի՝ հավերժ կմնա պատմության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/326325427501228?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել