Գյոթինգենի համալսարանի գիտնականների խումբը 180 երկրում գեղեցիկ սեռի 64 հազար ներկայացուցիչների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե ի՞նչ են ուզում կանայք: Արդյունքում պարզվել է, որ գլխավոր հատկանիշը, որը նրանք գնահատում են տղամարդկանց մեջ, բարությունն է:

New York Post-ը հաղորդում է, որ հարցվածների մեծ մասը եղել են 18-24 տարեկան (40 600 մարդ) կանայք, ամենաքիչը կազմել են 40 տարեկան և ավելի բարձր տարիքի կանայք (մոտ 3800 մարդ):

Հարցվածների 90 տոկոսը տղամարդու գլխավոր հատկանիշը համարել է բարությունը, իսկ 86.5 տոկոսը մատնանշել է աջակցությունը, մոտ 72 տոկոսը՝ ինտելեկտը, 64.5 տոկոսը՝ կրթության մակարդակը և մոտ 60 տոկոսը՝ վստահությունը:

Հատկանշական է, որ գրավչությունը չի մտել տղամարդկանց գլխավոր որակների 5-յակ: Ավելին՝ հարցվածների 44.8 տոկոսը նշել է, որ նախընտրում է կազմվածքի «միջին տեսակը» և միայն 2.5 տոկոսը՝ «շատ մկանուտ» զուգընկերների:

Ընդ որում՝ կանանց ավելի քան 90 տոկոսը երազում է տղամարդու մասին, որն իրենից բարձրահասակ կլինի: Բացի այդ՝ թույլ սեռի ներկայացուցիչների կարծիքով առավել գրավիչ են ժպիտն ու աչքերը:

Ուսումնասիրության մասնակիցների միայն 25 տոկոսն է նշել, որ կարևորում է կրոնական համոզմունքների նմանությունը: Զուգընկերոջ հարստությունը՝ որպես կարևոր հատկանիշ, հիմնականում գնահատվել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեքսիկայի և Կոլումբիայի բնակչուհիների կողմից:

Հետազոտության շրջանակում հարցում է անցկացվել նաև ԱՄՆ-ի 700 տղամարդկանց շրջանում:

Ինչպես և կանանց դեպքում, տղամարդկանց մոտ նույնպես բարությունն առաջին տեղում է հայտնվել (85.5 տոկոս): Այնուհետ հաջորդել են աջակցությունը, ինտելեկտը և կրթական մակարդակը: Զուգընկերոջ նախընտրությունների կանանց և տղամարդկանց 5-յակում տարբերվել է 5-րդ կետը. եթե կանանց դեպքում դա վստահությունն է, ապա տղամարդկանց պարագայում՝ անձնական հավակնությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել