Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարի նախկին տեղակալ Էրգին Սայգունը բացատրել է, թե ինչու են լարվել Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները, գրում է Güneş-ը:

Նա հայտարարել է, որ ռուսական C-400-ն ընդամենը լարվածության սրման պատրվակ էր, քանի որ ԱՄՆ-ը պարզապես չի ցանկանում, որ Թուրքիան զարգանա և շահագրգռված է այլ խաղացողի առաջընթացով:

«Արևմուտքի համար կարևոր է Մերձավոր Արևելքում ապահովել Իսրայելի անվտանգությունը և վերահսկողությունը էներգետիկ ռեսուրսների նկատմամբ: Իսրայելի հետ թշնամական հարաբերություններ ունեցող երկրները վերացվում են, և այդ գծի վերջում Թուրքիան է: Ես ստիպված եմ դա ասել, քանի որ դա ճիշտ է»,- պարբերականը մեջբերում է նախկին զինվորականի խոսքերը:

Բացի այդ՝ նա հավելել է, որ եթե Անկարան և Վաշինգտոնը համաձայնության գան C-400-ի վերաբերյալ, ԱՄՆ-ը նոր պահանջներ կներկայացնի Թուրքիային: Մասնավորապես, ըստ Սայգունի, Միացյալ Նահանգները պահանջելու է կասեցնել Իրանի հետ շփումները, Սիրիայում քրդական պետություն է ստեղծելու և արգելելու է Կիպրոսում ռեսուրսների արդյունահանումը՝ հաշվի չառնելով Թուրքիայի կարծիքը:

«Այսինքն՝ իմ կարծիքով, խնդիրը C-400-ի կամ F-35-ի մեջ չէ, Ամերիկան դժգոհ է Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունից և չի ցանկանում, որ Թուրքիան տարածաշրջանային տերություն դառնա»,- ասել է նախկին զինվորականը:

Սայգունը նաև նշել է, որ Միացյալ Նահանգների հայտարարությունները, որ Ռուսաստանը F-35 ինքնաթիռների մասին գաղտնի տեղեկատվություն կստանա, անհիմն են, քանի որ այդ կործանիչների գաղտնիքները վաղուց հայտնի են Մոսկվային:

Նրա խոսքերով՝ ամերիկյան իշխանությունները դեռևս տասը տարի առաջ քննարկում էին F-35-ի ծրագրից Թուրքիայի բացառումը: Եթե Անկարան ստանա այդ ինքնաթիռները, Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը կփոխվի. Իսրայելը կկորցնի օդային գերազանցությունը, իսկ Միացյալ Նահանգները չեն կարող դա թույլ տալ, քանի որ կորցնում են տարածաշրջանում էներգետիկ ռեսուրսների վերահսկողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել