Pastinfo.am-ը գրում է.

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշները։ Ըստ այդմ, տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել է 6,5 տոկոս։ Ակտիվության տեմպը նահանջել է։

Հիշեցնենք, որ տարեսկզբի առաջին հինգ ամիսներին այն հասնում էր 7,3 տոկոսի, իսկ առաջին եռամսյակում արձանագրվել էր 7,1 տոկոս տնտեսական աճ։

Շարունակում է նվազել գյուղատնտեսությունը։ Կառավարությանը ոչ մի կերպ չի հաջողվում այն դուրս բերել անկումային իրավիճակից։ Ավելին, տնտեսության այս հատվածում անկումը խորացել է։ Եթե առաջին եռամսյակում այն կազմում էր 0,2 տոկոս, ապա արդեն կիսամյակի արդյունքներով հասել է 7,4 տոկոսի։

Թեև արձանագրված 6,5 տոկոս տնտեսական ակտիվությանը` պահպանվել է արտահանման անկումը։ Այն 0,5 տոկոսով զիջել է նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը։

Նվազել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Այս տարի 5,5 տոկոսով պակաս հոսանք է արտադրվել։ Որքան էլ կարող է տարօրինակ լինել, այդ պայմաններում արդյունաբերության աճը հասնում է 6,9 տոկոսի։

Տնտեսական ակտիվության ապահովման հիմնական շարժիչ ուժը եղել է ծառայությունները։ Տարվա առաջին կեսին պաշտոնական վիճակագրությունն այստեղ ավելի քան 15 տոկոս աճ է գրանցել։ Ոչինչ, որ դրանում էական է հատկապես շահումով խաղերի դերը։

Շարունակում է նվազել շինարարության ոլորտի աճի տեմպը։ Առաջին կիսամյակի տվյալներով այն իջել է 4,7 տոկոսի։ Մինչդեռ տարեսկզբին տատանվում էր 20-21 տոկոսի միջակայքում։ Հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ շինարարության ոլորտում չնչին աճ է գրանցվել` ընդամենը 0,5 տոկոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել