Տղամարդկանց կարծիքով կանայք թույլ էակներ են, ովքեր հաճախ չգիտեն, թե ինչ են ուզում, սակայն նրանք բոլորն էլ ունեն մեկ ընդհանուր ցանկություն` լինել երջանիկ, իսկ այդ հարցում հաճախ օգնության է հասնում ուժեղ սեռը:
Իսկ ի՞նչ է պետք հայկական շոու բիզնեսի կանանց երջանիկ լինելու համար, արդյո՞ք միայն հայտնի լինելը նրանց բավական չէ: ArmStar.am-ը փորձել է պարզել նրանց երջանիկ լինելու գաղտնիքը:

ՄԵՐԻ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանի պահանջների ցանկը շատ «համեստ» է. «Սեր, հարգանք, հավատարմություն, ուշադրություն, վստահություն»: Իսկ այս ամենը ստանալու համար դերասանուհին կարևորում է ճիշտ ընտրությունը. «Մինչև ամուսնանալը դու ունես երկար ժամանակ, որը խելամիտ օգտագործելով, կարող ես հասկանալ` արդյոք տղամարդը կապահովի քո պահանջները, արդյոք նա համապատասխանում է քո տեսակին, դաստիարակությանը, մտածելակերպին»,-նշում է Մերին:
Չնայած Մերին կարծում է, որ տղամարդուց ինչ-որ բան պահանջելուց առաջ նախ պետք է մտածել, թե ինչ ես դու նրան տվել. «Այդ հարցի լիարժեք պատասխանը ստանալուց հետո նոր միայն կարելի է սկսել խոսել պահանջների մասին: Եթե խոսեմ կոնկրետ իմ օրինակով, ապա ես շատ պահանջկոտ չեմ: Երբ կինը սիրված է ու հարգված, նա ակամա դառնում է նաև հաջողակ ու երջանիկ բոլոր ոլորտներում` ԸՆՏԱՆԻՔ, ԿԵՆՑԱՂ, ԵՐԵԽԱՆԵՐ, ԱՇԽԱՏԱՆՔ, ԸՆԿԵՐՆԵՐ և այլն»: Իսկ վերջում ավելացրեց. «Այս ամենն ունենալու համար շատ կարևոր է ճիշտ ընտրություն կատարելը»:

ՆԱԻՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ
«Եթե տղամարդն այնպիսին է, որ կինը զգում է` իր կողքին իսկական տղամարդ է, դա արդեն երջանկություն է»,- նշեց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով, բացի խոսքերից, կարևորում է նաև տղամարդու ուշադրությունը. «Եթե կա խոսք, ապա կա նաև ուշադրություն, դե դա իհարկե կայացած տղամարդու մասին է»,-ավելացրեց դերասանուհին:

ԱՐԵՎԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Վերջերս իր երջանկությունը գտած և Ֆրանսիա «հարս» գնացած երգչուհի Արևիկ Ալավերդյանն ArmStar.am-ի հետ զրույցում նշեց. «Որպես երջանիկ կին կարող եմ ասել, որ տղամարդը պետք է այնպես անի, որ կինն իրեն ամենագեղեցիկը, ամենասիրվածը զգա: Ինչպես նաև բոլոր առումներով իրեն իդեալական զգա»: Երգչուհու համար երջանիկ զգալու կարևոր պայմաններից մեկն էլ փոխադարձ հարգանքն է. «Շատ կարևոր է, որ զույգերը միմյանց ընդունում են այնպես, ինչպես որ կան և ամուսնությունից հետո էլ չեն փորձում իրար փոխել»: Արևիկը կարևորում է նաև, որ ամուսնու կողմից չպետք է լինեն անտեղի արգելքներ, թե՛ հագուստի, թե՛ ընկերական շրջապատի, թե՛ դուրս ու ներս գալու հետ կապված. «Իսկ կինն էլ իր հերթին պետք է զգա ամեն ինչում չափ ու սահման, որպեսզի այդ արգելքները չլինեն իր կյանքում»,-եզրափակեց երգչուհին:

Շարունակությունը՝ այստեղ