Երևանի նախկին փոխոստիկանապետ

Գուցե տարօրինակ թվա, սակայն ինձ ավելի հոգեհարազատ են և իմ կարծիքով տաղանդավոր, ինքնատիպ ստեղծագործություններ են Առնո Բաբաջանյանի, Կարա Բալայի, գուցե Արամ Խաչատրյանի, Հայկ Նահապետի, Վահագնի արձանները, «Կուլայով տղան»… Ես մի անգամ էլ եմ նշել այդ մասին, գուցե սխալվո՞ւմ եմ: Ապացուցեք հակառակը, համոզեք…
Մեր արվեստագետների արձանների գերակշռող մասը, չհաշված մի քանիսը, հիշեցնում են պանթեոնի, գերեզմանների արձանները, քանդակները… Գեղեցիկ թե տգեղ, որևէ բնական երևույթի խտացած ճշմարտությունն է… Ճշմարտությունը պետք է ստեղծագործության ներսից դուրս հորդա, ինչպես կյանքը… Բայց նաև առանց անարտահայտիչ մանրակրկտության, անտեսելով ավելորդ մանրամասնությունները, տուրք չտալով շատ համարձակ ընդհանրացումներին, առանց սառած, քարացած, բեմականացված դիրքերի: Միայն իրական կյանքի խիստ պարզ ու շատ ավելի կենդանի, հուզական, արտահայտիչ կեցվածքով: Շա՞տ ունենք նման ոգով, նման շնչով երկունքի հասած ստեղծագործություններ... Կարծում եմ, որ ոչ…
Տաղանդները, վարպետները նրանք են, ովքեր սեփական աչքով են նայում աշխարհին, շրջապատին, այն ամենին, ինչը նայել են բոլորը, սակայն իրենք` միայն իրենք, իրենց աչքերն են նկատել այն ամենի գեղեցկությունը, որ սովորական է այլոց համար:
Անտաղանդները, սովորական մարդիկ, վատ արվեստագետները միշտ, որպես կանոն, ուրիշի ակնոց են կրում, ուրիշի աչքերով են նայում շրջապատին… Մինչդեռ շատ կարևոր է լինել հուզված, սիրել, հուսալ, տառապել, նվիրվել, ապրել… Մի խոսքով, նախ մարդ լինել, հետո արվեստագետ և այդ զգացումները անպայմանորեն հաղորդել ստեղծագործությանը:
Եթե ձեր տաղանդը նոր է ի հայտ եկել, նոր է ձևավորվել, բնականաբար քիչ համախոհներ կունենաք, իսկ թշնամիներ, քննադատներ, վատատեսներ ինչքան ուզեք: Կարևորը չհուսահատվեք ու հավատաք ձեր առաքելությանը, ձեր տաղանդին, կարևորը որ դուք` ինքներդ հաճույք ստանաք ձեր աշխատանքից: Իսկ ճիշտ քննադատությունն անպայման ընդունեք, այն անցկացրեք ձեր հոգով, ձեր գիտակցության, էության, աշխարհայացքի միջով… Սակայն երբեք չթողնեք` վնասեն ձեզ այն քննդատությունները, որոնք ձեր գիտակցությունը չի ընդունում: 
Կարևոր է նաև, որ միշտ հիշեք` արվեստագետը միայն իր աչքին պետք է հավատա ու վստահի իր հոգուն…
Չգիտեմ, գուցե սխալ եմ, սակայն այդ հոգու պրիզմայով չեն անցել մեր մայրաքաղաքի մի շարք արձաններ, հուշարձաններ, քանդակներ… Ցավոք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել