Չեռնոբիլը՝ պատմության ամենասարսափելի միջուկային աղետի վայրը, որտեղ հազարավոր մարդիկ զրկվել են կյանքից, կդառնա պաշտոնական զբոսաշրջային տեսարժան վայր. այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահը։

HBO-ի կողմից նկարահանված սերիալից հետո Չեռնոբիլի այցելուների թիվը կտրականապես աճել է։ Ըստ նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ եկել է փոփոխությունների ժամանակը։

«Մենք պետք է Ուկրաինայի այս տարածքին նոր կյանք տանք,- հայտնել է Զելենսկին։- Մինչ օրս Չեռնոբիլը ուկրաինական բրենդի բացասական մասի կրողն էր, հետևաբար, ժամանակն է այդ մտածողությունը փոխելու»։

1986 թ. ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանում վթարի ենթարկվեց չորրորդ ռեակտորը, և ռադիոակտիվ տարրերը տարածվեցին ողջ Եվրոպայում։ Պայթյունը հանգեցրեց շուրջ 31 մարդու մահվան, սակայն միլիոնավոր այլ մարդիկ ենթարկվեցին ռադիացիայի վտանգավոր աստիճանի։

Երկարատև ռադիացիոն ճառագայթման հետևանքով զոհվածների վերջնական թիվը վեճերի առիթ է հանդիսանում։ Չնայած որ ՄԱԿ-ը դեռ 2005 թ. կանխատեսել էր մինչև 9000 մահացություն այս ճառագայթման հետևանքով առաջացած քաղցկեղից, Գրինփիսն ավելի ուշ կանխատեսեց 200 000 մահ՝ ուշադրություն դարձնելով նաև առողջական այլ հնարավոր խնդիրների հնարավոր առաջացմանը։

Ավելի քան երկու տասնամյակի ընթացքում իշխանությունները մեկուսացրին ռեակտորի շրջակայքում գտնվող տարածքը, ներառյալ՝ Պրիպյատ քաղաքը, որտեղ մի ժամանակ 50 000 մարդ էր բնակվում։ Ներկայիս նախագահը, սակայն, ցանկանում է վերականգնել տարածքի շրջակա միջավայրը։

Իր պաշտոնական կայքում արված հայտարարությունում Զելենսկին նշել է. «Չեռնոբիլը յուրօրինակ վայր է մոլորակի վրա, որտեղ գլոբալ տեխնածին աղետից հետո բնությունը շարունակում է ապրել, և որը կարելի է իրական «ուրվական-քաղաք» համարել։ Մենք պետք է այս վայրը ցուցադրենք աշխարհին՝ գիտնականներին, էկոլոգներին, պատմաբաններին ու զբոսաշրջիկներին»։

Չնայած որ տարածքի մեծ մասը զբոսաշրջիկների համար հասանելի է դեռ 2011-ից, նախագահի խոսքերը, ամենայն հավանականությամբ, կօգնեն զարգացնել այն, ինչը շատերն անվանում են «մութ տուրիզմ»։ Բացի դրանից՝ Զելենսկին պլանավորում է զարգացնել շրջանը և դրան առավել գրավիչ տեսք հաղորդել։ Չեռնոբիլ այցի ժամանակ նախագահը խոստացել է այն դարձնել «նոր Ուկրաինայի զարգացած կետերից մեկը և «կանաչ միջանցք» ստեղծել զբոսաշրջիկների համար»։

Ըստ Սերգեյ Իվանչուկի՝ SoloEast ընկերության նախագահի, որը 2000 թվականից ի վեր Չեռնոբիլում էքսկուրսիաներ է անցկացնում, նման միջանցքը կապահովի անվտանգ մուտք Չեռնոբիլ։

Ըստ նախագահի՝ այս վայրը պաշտոնապես տեսարժան վայր համարելը վերջ կդնի շրջանում կոռուպցիային, որտեղ սև շուկան զարգացում է ապրել։

Չեռնոբիլը մութ տուրիզմ երևույթի լավագույն օրինակներից մեկն է. այս տերմինը նախատեսված է այն վայրերի համար, որոնք կապված են մահվան և տառապանքների հետ, օրինակ՝ Եվրոպայում գտնվող նացիստական համակենտրոնացման ճամբարները։

Չնայած որ ներկայումս զբոսաշրջիկներին թույլատրվում է այցելել Չեռնոբիլ գիդերի հետ, Ուկրաինայում չկա պաշտոնական օրենք, որը թույլ կտա այս գոտում տուրիզմի անցկացումը։

Նախագահը հայտնել է, որ սև շուկայի պրակտիկան կլիկվիդացվի էլեկտրոնային տոմսերի ներմուծմամբ. «Ցավոք, այս գոտին նաև համարվում է Ուկրաինայում կոռուպցիայի խորհրդանիշ։ Գումարը, որն անվտանգության ծառայությունների աշխատակիցները վերցնում են զբոսաշրջիկներից, անօրինական է»։

150 տարեց մարդ դեռ ապրում է այս արգելված գոտում՝ անկախ իշխանությունների արգելքից։ Պետական մարմիններն ասում են, որ գոտին ամբողջապես անվտանգ կդառնա 24 000 տարի անց։

«Այս շրջանում վայրի բնությունը ծաղկում է,- ասել է Իվանչուկը։- Կենդանիները, որոնք տարիներ առաջ լքել են տարածքը, սկսում են վերադառնալ։ 50 տարվա մեջ առաջին անգամ այստեղ լուսաններ են հայտնաբերվել»։

Սակայն Ելենա Բուրդոն՝ Կիևի միջուկային հետազոտությունների համալսարանի ռադիոկենսաբանության և ռադիոէկոլոգիայի ֆակուլտետի կրտսեր գիտաշխատողը, չի ողջունում կառավարության քայլը. «Մեզ հարկավոր չեն այդքան շատ զբոսաշրջիկներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել