Pastinfo.am-ը գրում է.

Այս պահի դրությամբ 85 հոգի դիմել է մեզ, որոնց  արդեն  աշխատանք ենք առաջարկում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նրա վստահեցմամբ տվյալ պահի դրությամբ  Տավուշում  առկա է 322 աշխատատեղ։

«Տարբեր ոլորտներում գրանցված  322 աշխատատեղ կա։ Դրանցից 171-ը միջին մասնագիտական են, իսկ մնացածը պահանջում են բարձրագույն կրթություն», - ասաց մարզպետը՝ ավելացնելով, որ բարձրագույն կրթություն պահանջող աշխատատեղերում աշխատավարձը սկսում է 120 հազ դրամից, իսկ միջին մասնագիտական աշխատատեղերում՝ ամենացածրը 50 դոլարից։

«Բերդի տարածաշրջանում ունենք 111, Իջևանի տարածաշրջանում՝ 19, Նոյեմբերյանում՝ 44, Դիլիջանում՝ 28 թափուր աշխատատեղ։ Իջևան և Բերդ համայքներում ունենք նաև 1000-ից ավել պայմանագրային զինծառայողների աշխատատեղ», - ավելացրեց Հայկ Չոբանյանը։

Տավուշի մարզպետի խոսքով Իջևանում այժմ հանգիստ և համեմատաբար ավելի առողջ մթնոլորտ է, քանի որ անտառներն այլևս չեն կտրում։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին՝ Իջևանում, «փայտի գործով» զբաղվող մոտ 600 հոգի փակել էին միջպետական ճանապարհը՝ պահանջելով անտառահատման արգելքի վերացում, արդեն հատված անտառանյութն անտառից դուրս բերելու իրավունք և հանդիպում այն պաշտոնյայի հետ, որն արգելել է անտառից փայտ դուրս բերել։ Ավելի ուշ մարզպետը հայտարարել էր, որ այստեղ սոցիալական որևէ  խնդիր չկա, քանի որ մարզպետարանում հանդիպել է այդ անձանց հետ և ասել, որ 200-ից ավել աշխատատեղ կա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել