168.am-ը գրում է.

ՀՀ իշխանությունները վերջին երեք տասնամյկների ընթացքում իրենց գործունեության առանձնակի ուշադրության թիրախում մշտապես պահել են «աղետի գոտին», մասնավորաբար՝ Գյումրին, որի զարգացման համար ժամանակին ընդունվել է հատուկ ռազմավարություն, և այնտեղ կիրառվել որոշակի ուղղորդված քաղաքականություն։

Մի բառով նշենք «աղետի գոտի» ասվածի մասին.  «աղետի գոտի» են համարվում ՀՀ  այն տարածքները, որոնցում տեղաբաշխված բնակելի, արտադրական, սոցիալական, պատմամշակութային, կոմունալ և այլ նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները տուժել են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով: Այդ հատվածի վերականգնողական աշխատանքներն իրականացվում են աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրով սահմանված ժամկետներում և կարգով: Հավելեք նաև, որ համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանվում են կառավարության կողմից և արտացոլվում աղետի գոտու վերականգնման տարեկան ծրագրերում:

Սա ֆիքսելուց հետո դիտարկենք գործող կառավարության և հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի քայլերը՝ կապված Գյումրու հետ։ Նախ՝ փաստենք հետևյալ կարևոր հանգամանքը. իր իշխանափոխությունն իրականություն դարձնելուց առաջ գործող վարչապետը քայլարշավը սկսեց հենց Գյումրիից՝ այն համարելով մի յուրահատուկ խորհրդանիշ և ժողովրդին համախմբելու առանձնահատուկ միավորման փորձ հանդիսացող ուղերձ։  Հետագա իր գործողություններում և կառավարության տեսլականում գործող իշխանությունները միշտ շեշտել են Գյումրիում խնդիրներն ու այնտեղ առկա սոցիալական ծանր վիճակը՝ հատարարելով, որ պետք է կիրառվի հատուկ մշակված քաղաքականություն և ներդրումային ծրագիր։ Թվում է, թե տարօրինակ ոչինչ չկա, և ամեն ինչն ընթանում է նորմալ հունով, սակայն հուլիսի 19-ին Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցը բավականին տարօրինակ փաստեր վերհանեց։

Պետք է նշել, որ Գյումրիում Փաշինյանը քաղաքացիների հետ շփվեց բյուրոկրատական չինովնիկին բնորոշ պահվածքով, նախկին «ժողովրդական» ու «բոլորի դարդ ու ցավի» մասին մտածող կարեկից վարչապետի կերպարն այլևս չկար։ Իսկ գյումրեցիների կոշտ հարցադրումներն ու սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնելը նրա համար լուրջ դիսկոմֆորտ էին ստեղծել։ Կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է հրաժեշտ տալ իրականությանը, և ժողովրդի հետ անմիջական շփումը դառնում է մի տեսակ անցանկալի և պարտադրված երևույթ։

Նա Գյումրիում ցույց տվեց իր իրական դեմքը, երբ ժողովրդի հետ սկսեց խոսել արհամարհական ու մեծամիտներին  հարիր ոճով՝ սոցիալապես անապահով ժողովրդի հարցերին տալով կարճ ու անբովանդակ պատասխան, քանի որ չուներ այլընտրանք ներկայացնելու որևէ տարբերակ։

Ժամանակին ժողովրդի դերի կարևորության մասին խոսող Փաշինյանը, ով իշխանության եկավ հենց ժողովրդի «ուսերին նստած», ներկայումս արդեն ուղղակի չի նկատում հասարակ ազգաբնակչությանը, կամ ուղղակի չի ցանկանում իջնել իր իշխանական Օլիմպոսից։

Այս դրվագում տեղին է հիշել հայտնի ասածվացքը՝ «յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը», քանի որ նույն ժողովուրդը սեկտանտներին բնորոշ էյֆորիկ պահվածքով բոլոր հրապարակներում նրան հռչակեց «ժողովրդի ընտրյալ» ու «երկրային Մեսիա»։

Մի դիտարկում մարզերում անցկացվող տնտեսական ֆորումների մասին. ինքնին դա լավ գաղափար է, բայց ակնհայտ է, որ այն չի աշխատում. չկա պարզ մասնագիտական հաշվարկ, թե տարբեր մարզերում անցկացված ֆորումները կիրառական ի՞նչ նշանակություն են ունեցել տնտեսության զարգացման կամ ներդրումների ներգրավման վրա։

Կարելի է տրամաբանել, որ՝ գրեթե զրոյական, այլապես իշխանական ողջ բուրգը, օր ու գիշեր հնարավոր բոլոր տարբերակներով, կթմբկահարեին «տնտեսական բումի» մասին։

Մի կողմ թողնելով, թե ինչ են ներկայացնում այդ տնտեսական ֆորումներում՝ կենցաղային մանր ապրանքներ արտադրող ընկերությունների կամ անհատ ձեռնարկատերերի արտադրանք,  ավելին՝ այս համաժողովները վերածվում են ինքնանպատակության, որովհետև նույնիսկ չեն կարողանում նորմալ PR ապահովել Փաշինյանի համար, ու հակառակը՝ նրան ավելի են կտրում իրականությունից, որովհետև մեկ օրվա համար գեղեցիկ պատրաստված տաղավարների, պատրանքային տնտեսական ակտիվության հետևում քողարկվում է մարզերում տիրող անմխիթար սոցիալական վիճակը՝ իր ամբողջ թշվառությամբ։

Այս ձևաչափը կառավարության ղեկավարին և ռոմանտիկ հովերով տարված իր նազիր-վեզիրներին ևս մեկ անգամ հիշեցնում է, թե սոցիալական ինչ ծայրահեղ ծանր վիճակում է ապրում հասարակ ժողովուրդը։

Ըստ էության ունենք մի իրավիճակ, որ Փաշինյանը մտնում է հերթական, այս անգամ՝ սեփական անճարակության հետ առերեսվելու շրջափուլ, քանի որ պարզ տեսնում է, որ հարցերին լուծման ոչ մի ռեալ տարբերակ չունի։ Վերջում ուղղակի հավելենք, որ Փաշինյանի այցից առաջ Գյումրու շատ փողոցներում հայտնվել են «Մերժիր Նիկոլին» գրառումներ։ Քաղաքացիները, ըստ էության, իրենց անհամաձայնությունն են սկսել հայտնել Փաշինյանի վարած քաղաքականությանն ու տնտեսական կուրսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել