Armsport.am-ը գրում է.
Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» առաջին փուլից լքեց պայքարը Չեմպիոնների լիգայում և կշարունակի պայքարել Եվրոպա լիգայում: Այստեղ մեր թիմի մրցակիցը Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսն» է:
Հուլիսի 23-ին կայանալիք խաղից առաջ Վարդան Մինասյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:
Երևանյան թիմի մարզիչը նախ պատասխանեց մրցակցի մասին հարցին ու նշեց, որ թերագնահատելու մասին խոսք լինել չի կարող.
«Նախ ասեմ, որ մեր թիմն ԱԻԿ-ի խաղից հետո ամբողջովին վերականգնվել է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն:
Ճիշտ է՝ մեզ մոտ մի փոքր ափսոսանքի զգացում կար՝ երկու խաղերի սցենարը հաշվի առնելով:
Ինչ վերաբերում է վաղվա մեր մրցակցին. ուսումնասիրել ենք նրանց: Կրկնում եմ՝ ցանկացած թիմ ունի իր ուժեղ ու թույլ կողմերը, որոնք մենք պետք է փորձենք օգտագործել: Շատ աշխատասեր թիմ է: Անմնացորդ նվիրումով աշխատում են ու երբեք թևաթափ չեն լինում, գլուխները չեն կախում: Անգամ ավելորդ է մրցակցին թերագնահատելու մասին խոսել: Նման տրամադրվածություն չկա», - ասաց Մինասյանը:
Անդրադառնալով երկու թիմերի մակարդակների տարբերությանը՝ Մինասյանը նշեց, որ չնայած իրենք ֆավորիտ են համարվում, այնուամենայնիվ, չեն պատրաստվում այդ մասին մտածել.
«Դե այո, թղթի վրա կա ֆավորիտ, բայց եթե թեկուզ մի տոկոսով թերագնահատենք մրցակցին, դա շատ վատ բաների կբերի: Մեր թիմը պրոֆեսիոնալ է, ու չեմ կարծում, որ նման խնդիրներ կունենանք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ