Մեզանում շատ է խոսվում «տնտեսական հեղափոխության» մասին։ Իշխանության կողմից կիրառվող տերմինի վիճելիությունը մի կողմ դրած՝ դրա բովանդակությունը պարզ է. մարդիկ պիտի լավ ապրեն, իսկ լավ ապրելու համար պիտի տնտեսությունը զարգանա, իսկ որպեսզի տնտեսությունը զարգանա, հնարավորինս մեծ թվով մարդիկ պիտի մասնակցեն ազգային հարստության ստեղծմանը։ Իշխանությունն այս ամենը ձևակերպել է որպես ներառական տնտեսական աճի մոդել՝ այն (զուտ անունը, բայց ոչ բովանդակությունը) փոխառելով մեր հայրենակից Տարոն Աճեմօղլուի հանրահայտ աշխատությունից։
Հարցը, որ ինձ մոտ տրամաբանորեն առաջանում է, հետևյալն է․ ինչպե՞ս կարող են մարդիկ գյուղում ու քաղաքում, որոնք ամբողջ ամիս ընտանիքով չարչարվում են, որպեսզի մի կերպ սպասարկեն բարձր տոկոսադրույքներով իրենց վերցրած վարկերը, մի հատ էլ ներառական սկզբունքով մասնակցել «տնտեսական հեղափոխությանը» և ազգային հարստության ստեղծմանը։ Էս մարդիկ հազիվ վարկի տոկոսներն են «փակում»։ Բոլորս էլ գիտենք, որ այդ մարդկանց թիվը փոքր չէ, ճիշտ հակառակը՝ մեր երկրի համար շատ մեծ է։ Ու հեչ էլ գլուխ գովելու բան չէ, որ վարկերի թիվը մեր երկրում այդքան աճել են։
Ուստի եթե իսկապես ցանկանում ենք, որ մարդկանց այդ խումբը իսկապես հնարավորություն ստանա մասնակցելու «տնտեսական հեղափոխությանը», ապա պիտի պետությունը ճանապարհ գտնի, առանց երկրի ֆինանսաբանկային կայունությունը հարվածի տակ դնելու, այդ մարդկանց ազատելու գոնե մինչև 10 000 դոլար կամ 5 միլիոն դրամ ունեցած վարկային պարտավորությունների ճիրանից։ Ես այլ հուսալի ճանապարհ չեմ տեսնում՝ այս չափազանց կարևոր ու ընդգրկուն խավին մասնակից դարձնելու երկրի տնտեսական զարգացմանը։