168.am-ը գրում է.

«Գագիկ Ջհանգիրյանը քրեագետ է, բայց ոչ սահմանադրագետ ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասնագետ։ Առավել ևս, երբ հենց ինքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հակառակ կողմում է հայտնվել։ Կարծում եմ՝ սա ևս կարևոր է ընդգծել, ինքն իրավունքները խախտողների շարքում է հայտնվել հենց ՄԻԵԴ-ի մասով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի արտահայտած կարծիքին՝ կապված Վենետիկի հանձնաժողովին ու ՄԻԵԴ-ին ուղարկած դիմումին՝ 300.1 հոդվածի մասով։

Նշենք, որ Գ. Ջհանգիրյանը մասնավորապես ասել էր, որ Սահմանադրական դատարանի՝ մինչ օրս կատարած գործողությունները և ընդունած որոշումներն ապացուցում են, որ իրենց համար սա շարքային գործ չէ, ավելին՝ մահվան ու կյանքի հարց է նույնիսկ.

«Ո՛չ դատարանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանին էդպիսի խնդրով չեն դիմել, նրանք դիմել են՝ Քրեական օրենսգրքի 301 հոդվածի համապատասխանության հարցը քննել մեր գործող Սահմանադրության հետ: Ո՞ւր է էստեղ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների կոնվենցիայի հետ կապված խնդիրը»,- ասել էր նախկին զինդատախազը։

Սահմանադրագետը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Գագիկ Ջանգիրյանը տեղյակ է, թե իրենք ինչ դիմում են ներկայացրել։

«Մեր դիմումով մենք մի քանի խնդիրներ ենք ներկայացրել՝ որոշակիություն, կանխատեսելիություն, անձի ազատության և արդար դատաքննության իրավունք։ Որովհետև, եթե նորմն այնքան անհստակ է, ինչպես այս դեպքում, ապա այն զուտ սահմանադրության համապատասխանության խնդիր չէ, այն կոնվենցիայի ակնհայտ խախտման ռիսկ է պարունակում։ Անհասկանալի է, ինչպե՞ս կարելի է դիմումին տեղյակ չլինելով՝ դրա վերաբերյալ կարծիք հայտնել»,- շեշտեց Արամ Վարդևանյանը։

Նա հիշեցրեց, որ մայիսի 7-ից հետո, երբ առաջին անգամ դատական ատյանների կողմից ճանաչվել էր Ռ. Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը, Գագիկ Ջհանգիրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում առաջին անգամ խոսեց ՍԴ-ում խնդիրների մասին, ինչն Ա. Վարդևանյանի համար մի քիչ տարակուսելի է՝ նախկին զինդատախազի օբյեկտվության տեսանկյունից։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել