Ուղիղ 6 տարի առաջ, Երևանում տեղի ունեցող «150դրամ» երթևեկության վճարի դեմ բողոքի ակցիաների հիմնական շարժառիթներից մեկն այն ստախոսությունն էր, որ իբրև թե Երևանյան երթուղայինների գծատերերն առանց այդ 50 դրամի էլ, գերշահույթներ են ստանում և հարստանում, փոխարենը չկատարելով որևէ ներդրում և չզարգացնելով քաղաքային տրանսպորտը, այնինչ 100 դրամն էլ բավարար է այդ զարգացման համար...: 
Այսօր պարզվում է, որ դա ստախոսություն էր, և գծատերերը ամենևին էլ այդքան մեծ շահույթ չեն ստանում, քանի որ «թավշյա հեղափոոխությունից» հետո, մինչև այսօր Երևանի քաղաքապետ ընտրված և դարձած նույն Հայկ Մարությանը, որ «150» դրամի ակցիաների կազմակերպիչներից էր՝ չի բարձրաձայնել և ապացուցել ոչ մի նման դեպք և ոչ մի գծատեր էլ, ապօրինի գերշահույթ ստանալու համար, չի ենթարկվել պատասխանատվության:

Այսօր, մեր նորընտիր իշխանավորները քաղաքային տրանսպորտի հնարավոր 150-200 դրամ թանկացման մասին խոսակցություններ բարձրացնելով՝ վերացնում են իրենց իսկ ստեղծած այդ միֆը, թե ոլորտում կա գերշահույթ և գծատերերը հարստանում են: Նորերը նաև փաստում են, որ 100 դրամանոց ուղևորավճարի դեպքում, նոր ավտոբուսներ գնել և ծառայություններ զարգացնելը հնարավոր չէ և իրականում չէր նաև առաջ:

Սակայն չմոռանանք, որ «150» դրամի բողոքի ակցիաների գլխավոր շարժառիթն էլ այն էր, որ հասարակ ժողովուրդը չունի այդքան ավելորդ գումար, որ օրական մի քանի անգամ, ամեն երթուղային, կամ ավտոբուս նստելիս, կարողանա վճարել 50 դրամ ավելի: Այս շարժառիթն էր, որ 6 տարի առաջ հաղթեց:
Այս շարժառիթը ճիշտ էր և այսօր ևս շարունակում է ճիշտ մնալ ու արդիական և եթե իշխանության վերածված մեր նախկին ընդդիմությունը դա մոռացել է՝ ժողովուրդը նրանց դա կհիշեցնի և կմերժի նաև նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել