Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Սասուն Սաֆարյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ Սասուն Սաֆարյանին մեղավոր էր ճանաչել կնոջը դանակահարելու, նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:
Ըստ մեղադրանքի՝ 30-ամյա Սասուն Սաֆարյանը 2012 թվականի սեպտեմբերի 1-ին Տիգրան Մեծի փողոցի 24 շենքի մոտ, թիվ 53 դպրոցի հարևանությամբ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ իր կրած դանակով դիտավորությամբ 6 անգամ հարվածել էր կնոջը՝ Սաթենիկին:
Այդ օրը նրանց դուստրը գնացել էր առաջին դասարան: Սկեսուրի և ամուսնու հետ վիճաբանած Սաթենիկը մեկ օր առաջ երկու որդիներին վերցրել ու հեռացել էր ամուսնու տնից՝ այնտեղ թողնելով յոթամյա դստերը:
Սասունը երեխաների ու կնոջ հեռացումը ցավագին էր տարել, նախորդ գիշեր խմել էր, իսկ սեպտեմբերմեկյան դպրոցի բակում կնոջը խնդրել էր, որ նա երեխաների հետ վերադառնա: Կինը հրաժարվել էր, Սասունը հանել էր դանակը ու հարվածներ հասցրել...
Վիրավորին անմիջապես տեղափոխել էին հիվանդանոց: Բարեբախտաբար, վնասվածքները մահացու չէին, Սաթենիկի կյանքը փրկվել էր, իսկ Սասունին մեղադրանք էր առաջադրվել դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման այլընտրանքային միջոց էր ընտրվել գրավը:
Ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել Սասուն Սաֆարյանին ու վերջին հաշվով դատապարտել 2 տարի 10 ամիս 4 օր ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել տուժող Սաթենիկը: Նա խնդրել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը, ամուսնու նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն. «Ես եմ դրդապատճառ դարձել, որ Սասունը դիմի այդ քայլին: Իմ ագրեսիվ պահվածքի պատճառով միջադեպը տեղի ունեցավ: Հիվանդանոցից վերադարձել եմ ամուսնուս տուն, միասին ապրում ենք մեր երեխաների հետ: Նրան հանգիստ պայմաններ են պետք, իմ երեխաների ապրուստի միջոցը նա է ստեղծում: Մի թույլ տվեք, որ ընտանիքս քայքայվի...»:
Նույն խնդրանքով վերաքննիչ բողոք էր բերել նաև ամբաստանյալ Սասուն Սաֆարյանը. «Եթե ես նստեմ, երեք երեխաներս քաղցած կմնան: Ես և կինս եկել ենք մի հայտարարի, հանուն մեր երեխաների ներեք ինձ իմ արարքի համար, մի թողեք ընտանիքս քայքայվի»:
Վերաքննիչ քրեական դատարանը, հաշվի առնելով վերաքննիչ բողոքներում արտահայտված խնդրանքները, այն, որ Սաֆարյանի խնամքին են 8, 6 և 4 տարեկան երեք երեխաները, ընտանիքի միակ կերակրողը նա է, տուժողի՝ իր կնոջ հետ հաշտվել է, միասին են ապրում ու պահում երեխաներին, Սաֆարյանին ազատազրկելը կարող է ծանր հետևանքներ առաջացնել նրա ընտանիքի համար, որոշել է բավարարել վերաքննիչ բողոքները:
Սասուն Սաֆարյանը դատապարտվել է 2 տարի 10 ամիս 4 օր ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել 2 տարի փորձաշրջան:



